Ծափաթաղցի 3-ամյա Տիգրան Օվանեսովի առերևույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից մանրամասնել են, որ նա կալանավորվել է երկու ամսով։
Երեքամյա Տիգրանը կորել էր հոկտեմբերի 27-ին։ ՔԿ-ն նրա անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Նոյեմբերի 2-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում լրագրողներին հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ Տիգրանին հայրն է խեղդամահ արել։ Սարգսյանը մանրամասնել էր, որ նախնական տվյալներով՝ երեխան եղբոր հետ դուրս էր եկել տնից, հետո նրանք հորն էին հանդիպել, և վերջինս սպանել էր երեխային։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Տիգրանի սպանության դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ 14-20 տարի ժամկետով կամ ցմահ): Վերջինս ձերբակալվել էր:





































