«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ու իր ընտանիքը դիմել են միջազգային արբիտրաժ Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար, հայտնում է գործարարի պաշտպանության խորհուրդը։
Կարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի ՀՀ-ին հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները։
«Նախնական գնահատմամբ՝ վնասի չափը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար և ենթակա է վերջնական գնահատման արբիրտաժային տրիբունալի կողմից»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ և Կիպրոսի միջև 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի» հիման վրա։
«Կարապետյանների ընտանիքն իր արբիտրաժային հայցում պնդում է, որ Հայաստանի Հանրապետության գործողությունները կամայական են, խտրական, քաղաքականորեն ուղղորդված և նպատակ են հետապնդում զրկել իրենց ՀԷՑ-ի նկատմամբ սեփականության իրավունքից։ Մասնավորապես, այս գործողությունները խախտում են Հայաստան-Կիպրոս BIT համաձայնագրով ՀՀ-ի կողմից ստանձնած մի շարք պարտավորություններ»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ նախ՝ Հայաստանը չի ապահովել արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն Կարապետյանների ընտանիքի և իրենց ներդրումների համար։ Եվ երկրորդ՝ ՀԷՑ-ի կառավարումը հարկադրաբար վերցնելը Հայաստանի կողմից միջազգային պայմանագրի խախտմամբ իրականացված անօրինական սեփականազրկման դեպք է։
ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը դատական հայց էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և դրա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ՝ պահանջելով անօրինական ճանաչել կարգավորող մարմնի՝ ընկերության դեմ վարչական վարույթ սկսելու որոշումը։
Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
Կարդացեք նաև՝





































