«Ուժեղ Հայաստան» կուսակցություն առաջնորդ Սամվել Կարապետյանին ու ևս 35 անձի ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը վերաբերող քրեական վարույթով, հետևում է Քննչական կոմիտեի (ՔԿ) հաղորդագրությունից։ Հիշեցնենք, որ Կարապետյանը ՀԷՑ-ի սեփականատերն է։
ՔԿ-ն Կարապետյանների տներում և նրանց հետ կապվող 65 հասցեում վաղ առավոտից իրականացվող խուզարկությունների ֆոնին հայտնել է 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու և նրանց ձերբակալելու որոշումների մասին։
ՔԿ-ի վարկածով՝ ՀԷՑ-ին պատճառվել է ավելի քան 64,5 մլրդ դրամի վնաս։ Քննության տվյալներով՝ 2016–2024 թվականներին Կարապետյանի կազմակերպմամբ գործող խումբը չարաշահել է ընկերությունում իր լիազորությունները։
Ըստ ՔԿ-ի՝ ընկերության միջոցները դուրս են բերվել շահաբաժինների, անհիմն փոխառությունների և կանխավճարների միջոցով։ Քննությունը նաև պնդում է, որ միջոցների մի մասը հետագայում փորձել են օրինականացնել փոխկապակցված ընկերությունների միջոցով։
Քրեական հետապնդում է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ծառայողական լիազորությունների չարաշահումը կազմակերպելու (չորս դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակությունը կազմակերպելու (երկու դրվագ), ինչպես նաև 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։
Նշված ենթադրյալ արարքները պատժվում են համապատասխանաբար մինչև 4, 8 և 12 տարվա ազատազրկմամբ։
«Ուժեղ Հայաստանից» ավելի վաղ հայտնել էին Սամվել Կարապետյանի, նրա եղբորորդու՝ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում իրականացվող խուզարկությունների մասին։ Կուսկացությունից հայտնել էին նրանց հետ կապվող նաև այլ հասցեներում իրականացվող խուզարկութունների մասին։
Ավելի ուշ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել էր, որ ՀԷՑ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում։
Սամվել Կարապետյանն արդեն տնային կալանքի տակ էր մեկ այլ քրեական գործով։ Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 17-ին ևս երկու ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը։ Այդ գործով Կարապետյանին մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես, իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և տնտեսական բնույթի հանցագործությունների հոդվածներով։ Նա մեղադրանքները չի ընդունում և դրանք քաղաքական հետապնդում է համարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







