Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր.
‼️Կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու համար՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակիցներն ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: Որոշումը կայացվել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության, Առողջապահության նախարարության ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։
Ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ ու անխափան օդային երթևեկության կազմակերպման համար, ամբողջ ծավալով շարունակում է կատարել իր պարտականությունները:
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաէրոնավիգացիայի բոլոր 75 աշխատակիցներին՝ արիության, քաղաքացիական բարձր գիտակցության ու պատասխանատվության համար։
https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2433593160278423
Ավինյանի հրապարակումից որոշ ժամանակ անց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հանդես եկավ հավելյալ պարզբանմամբ, ըստ որի՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված Կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում։
«Հարգելի քաղաքացիներ,
Ապատեղեկատվության բացառման և հանրությանը պատշաճ իրազեկման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված Կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում:
Մեկուսացված անձնակազմի համար ընկերության միջոցներով կազմակերպված են կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ, կազմակերպված է երկանգամյա սնունդի, խմելու և արտադրական կարիքների համար ջրի անսահման մատակարարում։ Մասնաշենքի բոլոր հարկերն ապահովված են ախտահանման համապատասխան լուծույթներով, իսկ անձնակազմը՝ դիմակների բավարար քանակով:
Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ՝ համատեղ վերահսկելով ամբողջ գործընթացը։
Խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաէրոնավիգացիայի աշխատակիցներին համագործակցության, իրենց ցուցաբերած արիության և իհարկե բարձր պատասխանատվության համար»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=883572425418328&id=118681645240747
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







