Արդեն տևական ժամանակ է, ինչ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը չի գործում: Մեր բոլոր քաղաքացիների համար, որոնք գտնվում են արտերկրում և քրեական հետախուզման մեջ են հայտնվել բանակում չծառայելու հետևանքով, համաձայն գործող օրենսդրության՝ կա միայն մեկ սցենար՝ ենթարկվել պատասխանատվության և հայտնվել բանտում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ սա է եղել պատճառը՝ գտնել նոր լուծումներ և հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:
«Այս 1,5 տարիների ընթացքում եղել են հարյուրավոր դիմումներ, որոնք խնդրում էին, որ պատգամավորները գտնեն լուծում, քանի որ մարտի 19-ից չկա օրենսդրություն, որը կկարգավորի սույն խնդիրը։ Մենք դեռ մեկ տարի առաջ հայտարարեցինք, որ նոր լուծում ենք գտնելու, որը լինելու է ինստիտուցիոնալ: Եթե հիշում եք, շուրջ 10 տարի ամեն տարի այդ օրենքը երկարաձգվում էր ԱԺ-ի կողմից: Մենք եկանք նոր լուծումներով: Մեր նպատակն է, որ օգտագործենք այն ռեսուրսը, որ ունենք Սփյուռքում՝ առաջարկելով նրանց հետևյալը.
այն քաղաքացիները, որոնք բանակում չեն ծառայել ու քրեական հետախուզման մեջ են, գտնվում են արտերկրում, 27 տարին լրանալու դեպքում կարող են վերադառնալ Հայաստան՝ վճարելով 2 տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձ՝ գումարած հավելավճարներ, որը կազմելու է նախնական հաշվարկներով՝ 5-5,5 մլն դրամ, ազատվել քրեական հետապնդումից։
Բայց, եթե իրենք ցանկություն կհայտնեն ներգրավվել զինված ուժերում առաջիկա 3 տարիների ընթացքում, նրանք հետ կստանան այդ գումարը։ Երրորդ տարբերակն է՝ մնալ համայնքներում», — նշել է Հայրապետյանը։ Նոր նախագծով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը համարվելու է ծանր հանցագործություն։ Փոփոխված են նաև վաղեմության ժամկետները. օրինակ՝ գործող օրենսդրությամբ 37 տարին լրանալուն պես գործը կարճվում էր, այսուհետ սահմանը կլինի 47 տարին։
Հայրապետյանը նկատեց, որ մի կողմից առաջարվում են լուծումներ, մյուս կողմից՝ ավելի խստացումներ՝ բացառելով հետագա արտագաղթի հնարավորությունը։ Պատգամավորը նաև ասաց, որ կառավարության կարծիքը դեռ հայտնի չէ, քանի որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել օրեր առաջ։
Նա կարծիք հայտնեց, որ վստահ չէ, որ ՊՆ դիրքորոշումը դրական կլինի.
«Մենք հասկանում ենք, որ ՊՆ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, որ բոլորը պետք է ծառայեն բանակում: Բայց մյուս կողմից մենք մի քանի հազար քաղաքացիներ ունենք, որոնք նման խնդրի առաջ են կանգնած. 33, 35 տարեկան են, երեխաներ ունեն ու գտնվում են քրեական հետախուզման մեջ: Սա դիսկուրս է. մենք բերել ենք օրակարգ, կլսենք ՊՆ դիրքորոշումը, կքննարկենք ԱԺ-ում ու կկայացնենք մեր որոշումը»,- ասաց պատգամավորը:
Հայրապետյանը նաև պարզաբանեց, որ 37-ի փոխարեն 47 տարեկանի սահմանելը չի նշանակում, որ փոխվում է նաև զինապարտության տարիքը: Այս կարգավորումն, ըստ նրա, վերաբերում է բացառապես այս օրենքին:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արման Բաբաջանյանի կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքների նախագծերի փաթեթ, որը հնարավորություն կտա պարտադիր ծառայություն չանցած և քրեական հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ որոշակի վճարի դիմաց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







