Բոլորիդ համար տեսանելի է, թե մեր զինված ուժերն ինչպես են վերահսկում իրավիճակը. վերահսկում են շատ վստահ: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Մեր հակաօդային ուժերի վերջին գործողությունները այդ վստահությունը պետք է փոխանցեն նաև հասարակությանը: Զինված ուժերն իր կառավարելիության շնորհիվ շատ վստահ, շատ հանգիստ լուծում է իր առջև դրված մարտական խնդիրը: Այնպես է ստացվել, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության մակարդակի բարձրացմանը: Ուզենք-չուզենք, դա փաստ»,- ասաց Քոչարյանը։
Պատգամավորի կարծիքով՝ գործընթացները տեղափոխվել են տեղեկատվական և Ադրբեջանում ներքին զարգացումների շրջանակ:
«Այստեղ մենք մեր զինված ուժերին պետք է աջակցենք այդ հարցում, և կարծում եմ, որ մեր բանակին հիմա շատ անհրաժեշտ է տեղեկատվական աջակցությունը, որպեսզի խառնակչությունները բացառվեն, որ մեր զինված ուժերը կենտրոնանան միայն իրենց մարտական խնդրի լուծման վրա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանը նշեց, որ երկու օրում 10 ԱԹՍ խոցվեց, այդ թվում՝ թանկարժեք իսրայելական արտադրության ԱԹՍ-ն, իսկ մեր երկու զոհերը, ամենայն հավանականությամբ, եղել են կամիկաձեների օգտագործման արդյունքում։
«Դա այնքան ցավալի էր Ադրբեջանի և արտադրողի համար, որովհետև մեծ գումարներ էին ծախսել: Պարզվեց, որ մեր մոդեռնիզացված ՕՍԱ ԱԿ համակարգերն ի վիճակի են գերժամանակակից իսրայելական արտադրության Hermes 900-ին խոցել. հակառակորդը նկատեց՝ իր գործիքակազմի նման կիրառումն արդյունավետ չի»,- ասաց Քոչարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







