«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» հուլիսի 20-ին իրականացրած ստուգումներից հետո կապարակնքվել է առևտրի կենտրոնի 10-15 տաղավար, հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ստուգումների մասին ԶԼՄ-ները գրել էին երեկ ու հայտնել, որ ստուգումների արդյունքում ավելի քան 20 վաճառող տուգանվել է 600 000-ական դրամով։
Խոսնակը տեղեկացրել է, որ առևտրի կենտրոնի գործունեությունը չի կասեցվել և բնականոն շարունակվում է։ Տոնոյանը հաստատել է տեղեկությունները, որ, ըստ քննիչների, կապարակնքված տաղավարները գործել են բարձր լարման հոսանքալարերի տակ։
Նրա խոսքով՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող մի շարք այլ ձեռնարկություններ շարունակում են հարկադիր պարապուրդի մեջ մնալ։
Տոնոյանը նաև նշել է, որ «Արարատ» կոնյակի գործարանում 4-րդ օրն է՝ գույքագրում է իրականացվում, որի ավարտից հետո հայտնի չէ, թե ինչ ճակատագիր կունենա ձեռնարկությունը։ Նրա խոսքով՝ եթե կոմբինատի աշխատանքը չվերագործարկվի, Արմավիրի և Արարատի մարզերի հազարավոր խաղողագործների համար կարող են խնդիրներ առաջանալ։ Տոնոյանը նշել է, որ գործարանը նրանցից ամեն տարի խաղող է մթերում։
Անդրադառնալով «Արարատցեմենտի» գործունեության վերականգնմանը՝ Տոնոյանը կարծիք է հայտնել, որ իշխանությունները հասկացել են՝ գործարանի երկարատև չաշխատելու դեպքում երկրում կարող էր շինարարական ճգնաժամ առաջանալ։
«Իրականում՝ շինարարական կոլապս էր ստեղծվելու երկրում, եթե «Արարատցեմենտը» ևս մի քանի օր չաշխատեր»,- ասել է նա։
Տոնոյանը նաև անդրադարձել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին՝ նշելով, որ դրանք շարունակվում են, ինչպես նաև շարունակվում են կամավորների այցելությունները։
Միաժամանակ, ըստ նրա, առաջիկայում կարող են խնդիրներ առաջանալ արձանի կառուցման հարցում, քանի որ երեսպատման սալիկները մատակարարող «Մուլտիսթոն» ընկերությունն արդեն ավելի քան 10 օր է կապարակնքված է և չի գործում։
Տոնոյանը նաև հայտնել է, որ փաստաբանական թիմը զրպարտության մեղադրանքով դատի է տալու քանդակագործ Վիգեն Ավետիսին՝ նրա այն հայտարարությունների համար, թե «Ծառուկյանը մի քանդակագործի առյուծների վանդակն է նետել»։ Տոնոյանն այս հայտարարությունը զրպարտիչ է անվանել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ միլիարդատեր քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։
Նույն ժամանակահատվածում վարչապետը հայտարարել էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետական վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին, որից հետո նախաձեռնվել էին ձեռնարկության գործունեությանը վերաբերող վարույթներ, ավելի ուշ ընկերությունն անցել էր պետության կառավարմանը։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը նույնպես անցել էր Երևանի քաղաքապետարանին։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրա հետ կապվող ավելի քան 70 ընկերությունում իրականացված խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին։ Հուլիսի 7-ին դատարանը կալանավորել էր քաղաքական գործչին։
Ծառուկյանն անցնում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու գործով, որի շրջանակում նրան արգելվել է լքել Հայաստանը։ Նա մեղադրվում է նաև ենթադրյալ խոշոր չափերով խարդախության, ապօրինի որսի մեջ։ Այդ քրեական վարույթի շրջանակում նրա առանձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Առյուծներից մեկը չէր արթնացել ուժայինների կողմից քնաբեր դեղամիջոց ներարկելուց հետո։
Խուզարկություններից հետո նրան պատկանող բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչը հարուցել է աշխատակիցների դժգոհությունը և բողոքի ակցիաների պատճառ դարձել։ Ակցիաների մասնակիցները հայտարարել էին, որ ձեռնարկությունների փակումը հազարավոր աշխատակիցների զրկել է աշխատանքից և կարող է զգալի տնտեսական կորուստների հանգեցնել։
Կարդացեք նաև՝
«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին





































