Անհայտ կորած անձանց հարազատները տեղեկացրել են, որ հիմնել են Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա, հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է անհայտ կորած անձանց հարազատների հետ, հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՄԻՊ-ը նշել է, որ անհայտ կորած անձանց հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրման ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում։
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 2-ի նիստում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նախատեսվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, սահմանել անհայտ կորած անձի կարգավիճակը, ինչպես նաև ամրագրել նրանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքները:
Armenia Today-ին Քննչական կոմիտեից 2025-ի հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ։


























