ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 2-ի նիստում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նախատեսվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր։
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել անհայտ կորած անձի կարգավիճակը, ինչպես նաև ամրագրել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Կսահմանվեն անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները և հետախուզման դադարեցման դեպքերը:
Միասնական ռեեստրի տվյալները հասանելի կլինեն անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին: Օրենքով կսահմանվի նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը:
ՀՀ քննչական կոմիտեից 2025 թվականի սեպտեմբերին, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան, հայտնել էին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ։ Ըստ ՔԿ տվյալների՝ նրանցից 172-ը զինծառայող է, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Միջազգային կազմակերպությունները ևս տարբեր գնահատականներ են տալիս: Կարմիր խաչի տվյալներով՝ 2020-2023 թվականների ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների ցուցակում ընդգրկված է շուրջ 300 մարդ։


































