Միացյալ Նահանգների Բըրբանք քաղաքում հայերն ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդիի: Նմանատիպ ակցիա իրականացվել էր նաև նախորդ կիրակի:
Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդարանի հարակից Սրբոց Ղևոնդաց եկեղեցու մոտ կայացած ակցիայի մասնակիցներն ունեին պաստառներ Գարեգին Երկրորդի նկարներով, «Ոչ Նիկոլի «բարեփոխմանը. STOP», «Ձեռքերդ հեռու վեհափառից» և այլ գրառումներով:
Մասնակիցներից մեկը հայտարարել է, որ հավաքվածները եկել են ի պաշտպանություն կաթողիկոսի աղոթք ասելու, որը, նրա խոսքով, եկեղեցու ներսում չի հնչում:
Կաթողիկոսը հունվարի 10-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանին (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում էր նաև Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
Փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։



































