ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ հունվարի 10-ի հրամանով ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից, հայտնել է Մայր Աթոռը։
Ըստ հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կան կալանավորված հոգևորականներ։
Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս, այդ թվում Սարոյանը, հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:




































