Դատարանը Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ժամանակավոր վերականգնել է թեմի առաջնորդի պաշտոնում։
Եպիսկոպոսը 1in.am-ին հայտնել է, որ դատարանը բավարարել է իր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց։ Նշվում է, որ եպիսկոպոսը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, այդ թվում՝ Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
Կաթողիկոսը հունվարի 10-ին ազատել էր Սարոյանին իր պաշտոնից։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ էր նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում կաթողիկոսի որոշումը։ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնը։





































