Արցախից տեղահանված, վարելու իրավունքից զրկված քաղաքացիները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ գերատեսչությունն ընդառաջել է զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով արցախցիների դիմումներին։
«Հաշվի առնելով, որ ստուգված տվյալներով հաստատվում է անձի վարելու իրավունքի առկայությունը, սակայն ամբողջական չեն վարելու իրավունքից զրկված լինելու, զրկման հիմքերի և ժամկետների վերաբերյալ տվյալները՝ որոշում է կայացվել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ ձեզ և տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ»,- ասել է նախարարը։
ՀՀ կառավարությունը մայիսի վերջին հաստատել էր օրինագիծ, որը սահմանում է վարորդական իրավունքից առաջին անգամ զրկված քաղաքացիների համար պարզեցված ընթացակարգի վերականգնում։
Հուլիսի 30-ին Արցախից բռնի տեղահանված անձինք, որոնք ՀՀ-ի սահմաններից դուրս կորցրել են վարորդական իրավունքը, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով, որ իրենց վրա տարածվի վարորդական իրավունքի վերականգնման գործող ընթացակարգը։ Նրանք նշել էին, որ իրավասու մարմիններին դիմելուց հետո իրենց մերժում են վարորդական իրավունքի վերականգնումը՝ հղում անելով այն փաստին, որ զրկումը տեղի է ունեցել Արցախում կամ արտերկրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







