Վարորդական իրավունքից առաջին անգամ զրկվածները կկարողանան առանց քննության վերականգնել վարորդական իրավունքը։ Կառավարությունը նախագծին հավանություն է տվել մայիսի 27-ի նիստում։
Նախագիծը նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարորդական իրավունքից զրկվածներին տրված խոստման ֆոնին է։ Նա, մասնավորապես, մայիսի մայիսի 16-ին հայտարարել էր, որ վարորդական իրավունքից զրկվելուց հետո մեկ տարի ոչ մի տարբերակ չի լինի այն վերականգնելու համար, իսկ նրանք, որոնց դեպքում մեկ տարին արդեն լրացել է, հնարավորություն կունենան իրավունքը վերականգնել առանց քննության։
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է փոխել վարորդական իրավունքի վերականգնման գործող կարգը։ Առաջին անգամ իրավունքից զրկված անձը մեկ անգամ կկարողանա վերականգնել այն առանց քննություն հանձնելու՝ վճարելով 50 000 դրամ պետական տուրք։
Փոխարենը՝ սահմանվելու է մեկ տարվա փորձաշրջան․ այդ ընթացքում վարորդը սովորական՝ 13-ի փոխարեն կունենա 6 տուգանային միավոր։ Եթե այդ սահմանաչափը սպառվի, անձը կրկին կզրկվի վարորդական իրավունքից մեկ տարով։
Նոր կարգավորումը տարածվելու է նաև 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքից զրկվածների վրա։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստին նշել է, որ այս պահին վարորդական իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վերականգնումն իրականացվում է քննությունների միջոցով՝ անկախ այն հանգամանքից, թե զրկումն առաջին անգա՞մ է կիրառվել, թե՞ ոչ:
Նրա խոսքով՝ նոր կարգավորումը չի վերաբերի դատարանների կամ օտարերկրյա մարմինների որոշումներով իրավունքից զրկված անձանց, ինչպես նաև այն դեպքերին, երբ վարելու իրավունքը դադարեցվել է առողջական խնդիրների, հոգեկան խանգարումների կամ թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ կապված պատճառներով։

























