Արցախից բռնի տեղահանված անձինք, որոնք ՀՀ-ի սահմաններից դուրս կորցրել են վարորդական իրավունքը, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ իրենց վրա տարածվի վարորդական իրավունքի վերականգնման գործող ընթացակարգը։
Ըստ ցուցարարների՝ չնայած բոլոր իրավական պահանջները կատարելուն, նրանք չեն կարողանում վերադարձնել իրենց վարորդական իրավունքները, քանի որ դրանցից զրկվել են Արցախում կամ Հայաստանից դուրս։
Ցուցարարները պնդում են, որ իրավասու մարմիններին դիմելուց հետո իրենց մերժում են վարորդական իրավունքի վերականգնումը՝ հղում անելով այն փաստին, որ զրկումը տեղի է ունեցել Արցախում կամ արտերկրում։
«Նրանք մեզ ուղղակիորեն ասում են՝ Արցախից եք, ձեզ թույլ չեն տալիս»,- ասել է ցուցարարներից մեկը։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ բազմիցս ենթարկվել են բժշկական զննումների, հավաքել փաստաթղթեր, հանձնել տեսական և գործնական քննություններ, բայց ապարդյուն։
Մասնակիցներից մեկի խոսքով՝ հինգ անգամ չի հանձնել գործնական քննությունը, չնայած նախկինում 18 տարի ծառայել է որպես սպա և շահագործել է ռազմական տեխնիկա։ Ըստ նրա՝ չհանձնելու պատճառները տարրական են, հաշվի չեն առնվում իրենց կարգավիճակն ու ինչի միջով անցել են։
«Հիմա կառավարությունից պահանջում ենք, որ մեզ էլ համաներում շնորհեն, վերանայեն արցախցիների հարցը, 18 թվականի զրկվածների հարցը, Ռուսաստանում զրկվածների հարցը, մեզ էլ այդ օրենքի մեջ մտցնեն, մենք էլ մեր վարորդականներն ստանանք»,- շեշտել է նա։
Բողոքի ակցիայի մասնակիցները նաև նշել են, որ արդեն գրավոր դիմում են ուղարկել կառավարությանը և սպասում են իշխանությունների հետ հանդիպման։ Նրանք ընդգծել են, որ շատերի համար մեքենան եկամտի միակ աղբյուր է և անհրաժեշտ է աշխատանքի, երեխաների տեղափոխման և բժշկական հաստատություններ այցելելու համար։
«Հազարավոր մարդիկ կան, որ մեքենայի պահանջ կա, իրենք մեքենայով են փող աշխատում, գնում-գալիս, եսիմ՝ երեխա է, հիվանդ է, հիվանդանոց են գնում, մանկապարտեզ են գնում։ Օրենքը ոնց է, մենք լրիվ համաձայն ենք»,- բացատրել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Ավելի ուշ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով բողոքի ակցիայի մասնակիցների պահանջների վերաբերյալ հարցին, նշել է, որ հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։
«Սա նոր թեմա է, որի հետ պետք է ծանոթանանք։ Մենք պետք է որոշենք, թե արդյոք վարորդական իրավունքից զրկելու հիմքերը պահպանվո՞ւմ են, և այդ ժամանակ կպատասխանենք։ Ես հիմա պատրաստ չեմ պատասխան տալ, քանի որ այս հարցը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն»,- պատասխանել է Փաշինյանը։
ՀՀ կառավարությունը մայիսի վերջին հաստատել էր օրինագիծ, որը սահմանում է վարորդական իրավունքից առաջին անգամ զրկված քաղաքացիների համար պարզեցված ընթացակարգի վերականգնում։ Նախաձեռնության համաձայն՝ վարորդները կկարողանան մեկ անգամ երկարաձգել իրենց վարորդական իրավունքները՝ առանց քննություն հանձնելու, վարորդական իրավունքի կասեցման ժամկետի լրանալուց հետո՝ վճարելով 50 000 դրամ պետական տուրք։ Նրանք նաև կենթարկվեն մեկ տարվա փորձաշրջանի՝ 6 տուգանային միավորի սահմանաչափով՝ ներկայիս 13-ի փոխարեն։
Օրինագիծը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց վարորդական իրավունքները չեղյալ էին հայտարարվել 2020 թվականի հունվարի 1-ից հետո։ Սակայն նոր կանոնների կարգավորումը չի վերաբերի դատարանների կամ օտարերկրյա մարմինների որոշումներով իրավունքից զրկված անձանց, ինչպես նաև այն դեպքերին, երբ վարելու իրավունքը դադարեցվել է առողջական խնդիրների, հոգեկան խանգարումների կամ թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ կապված պատճառներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







