Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «դատարանը» մերժել է Վարդանյանի ներկայացրած երկու միջնորդությունը։ Մեղադրողները ժամանակ են խնդրել իրենց ելույթները պատրաստելու համար։
Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 18-ին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։
Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսա Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:






































