Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է Ադրբեջանում իր գործունեության դադարեցման մասին: Որոշումը կայացվել է Ադրբեջանի կառավարության նախաձեռնությամբ և ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 3-ին, ասվում է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ:
Չնայած գրասենյակի փակմանը՝ ԿԽՄԿ-ն մտադիր է շարունակել համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Ժնևի կոնվենցիաներով սահմանված իր մարդասիրական մանդատի շրջանակներում:
Կազմակերպությունը շեշտել է, որ կշարունակի ներգրավված լինել մարդասիրական հարցերի լուծման գործում, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդասիրական դիվանագիտության ոլորտում:
ԿԽՄԿ-ն Ադրբեջանում գործունեություն էր ծավալում 1992 թվականից՝ աջակցություն ցուցաբերելով զինված հակամարտություններից տուժած բնակչությանը: Պատվիրակության գործունեությունը ներառում էր հոգեբանական օգնություն, կարևորագույն ենթակառուցվածքների վերականգնում, ականների վտանգի վերաբերյալ կրթական ծրագրեր, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու աջակցություն, ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը նաև պարբերաբար այցելել է հակամարտության հետ կապված կալանավորված անձանց՝ գնահատելով նրանց կալանքի պայմանները և ապահովելով կապը նրանց ընտանիքների հետ։
ԿԽՄԿ-ն նշել է, որ Ադրբեջանում իր գործունեության ընթացքում սերտորեն համագործակցել է Կարմիր մահիկի ազգային ընկերության, համապատասխան նախարարությունների, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային կոմիտեի հետ։
Հուլիսի 30-ին ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության հաղորդակցության և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ին հայտնել էր, որ ԿԽՄԿ-ն չի կարողանում այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Նրա խոսքով՝ վերջին այցը գերիներին հունիսին էր։
2025 թվականի սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում գործունեությունը կդադարեցնի նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակը։ Վերջին ամիսներին մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Transparency International-ը և այլն, ավարտել էին իրենց գործունեությունն Ադրբեջանում։ Տեղական իշխանությունները սա բացատրում են «հումանիտար կարիքների կրճատմամբ և ավելի մեծ ինքնուրույնության ձգտմամբ»՝ պնդելով, որ այդ կազմակերպությունների ռեսուրսները կարող են օգտագործվել ավելի կարիքավոր տարածաշրջաններում։




































