Բաքվում շարունակվող կեղծ դատավարության ընթացքում հայ գերիներին տրվել է եզրափակիչ խոսքի իրավունք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ այդ տեղեկությունների՝ Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը, Վասիլի Բեգլարյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։
Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի եզրափակիչ խոսքը կշարունակվի հաջորդ նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։ Զուգահեռ ընթացող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դեռ այսպես կոչված տուժողների ցուցմունքներ են ընթերցում։
Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսա Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:






































