Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովները Երևանում քննարկել են սահմանազատման գործընթացի շարունակությանն ու հետագա աշխատանքներին առնչվող հարցեր, հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը (ԱԳՄԱՆ)։
Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ։
Կողմերը ողջունել են հանձնաժողովների աշխատանքների վերսկսումը և ընդգծել սահմանազատման գործընթացի կարևորությունը Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։
Նրանք փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել շարունակական երկխոսության և կառուցողական համագործակցության միջոցով գործընթացն ավարտին հասցնելու հարցում։
Հայկական և վրացական կողմերը նաև քննարկել են գործընթացի իրավական շրջանակը, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրություններն ու հնարավոր լրացուցիչ քայլերը, որոնք կարող են նպաստել սահմանազատման աշխատանքների սահուն ընթացքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







