Երևանում նոյեմբերի 13-ին մեկնարկած «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներն անդրադարձել են արցախցիների դեմ կատարված հանցագործություններին, բռնի տեղահանվածների իրավունքներին և արդարության հասնելու հնարավորություններին: Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Բացման խոսքում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատավոր Գասիա Աբգարյանը հայտարարել է, որ զոհերի և դատարանների ձայնը հաճախ լսելի չէ։
«Մենք այստեղ ենք՝ արդարություն պահանջելու պատերազմի ոճրագործությունների զոհերի համար»,- ասել է նա։
Աբգարյանը հիշեցրել է 2020 թվականի արցախյան պատերազմը և անդրադարձել 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանմանը։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը՝ Բաքվում պահելով հայ գերիներին։
Միջազգային իրավունքի հնարավորություններն ու վերապրածներին լսելու կարևորությունը Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի՝ միջազգային քրեական իրավունքի հարցերով ավագ մասնագետ Գուրգեն Պետրոսյանը հայտարարել է, որ միջազգային իրավունքը համադարման չէ, սակայն դրա մեխանիզմների արդյունավետությունը գնահատելու համար նախ անհրաժեշտ է օգտվել դրանցից։
Նա բացատրել է, որ պետության կողմից միջազգային պարտավորությունների խախտման և անհատի քրեական պատասխանատվության հարցերը քննվում են տարբեր իրավական մեխանիզմներով։
Պետրոսյանը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ գոյություն չունեին միջազգային այնպիսի կառույցներ, որոնք կարող էին քննել ցեղասպանությանն առնչվող իրավական պահանջները։ Նրա խոսքով՝ այսօր անհրաժեշտ է ամրապնդել գործող միջազգային կառույցները՝ հաշվի առնելով նաև Միջազգային քրեական դատարանի նկատմամբ քաղաքական ճնշումները։
Արցախի շտապօգնության բժիշկ Սվետլանա Հարությունյանը շեշտել է, որ բռնի տեղահանված արցախցիներն ակնկալում են արդարության վերականգնում և իրենց իրավունքների պաշտպանություն։
Նրա խոսքով՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու հետևանքով առաջացել է սննդի, վառելիքի և բժշկական պարագաների պակաս։
Հարությունյանի ներկայացրած տվյալներով՝ շրջափակման ընթացքում հետաձգվել է մոտ 2000 վիրահատություն, վիժումների թիվը եռապատկվել է, արձանագրվել է նաև սովամահության դեպք։ Նա պատմել է, որ սննդի պակասի պատճառով որոշ երեխաներ դպրոց գնալու ճանապարհին ուշաթափվել են, իսկ վառելիքի բացակայությունը դժվարացրել է գյուղերից հիվանդանոցներ հասնելը։
Բժիշկը հիշել է, որ հիվանդանոցում տեսել է ծանր վիրավորների և անդամահատված մարմիններ։ Նրա պատմելով՝ Կարմիր խաչի միջնորդությամբ Մարտակերտ մեկնելիս ճանապարհին նկատել է արյան հետքերով մեքենաներ և գետնին ընկած մանկական հագուստ։
«Կորցրել եմ ինձ, որ դեռևս չեմ վերագտնում, կորցրել եմ հայրենիքս, եկեղեցիներս, տունս, իմ ամբողջ մանկության հիշողությունները», ասել է Հայրապետյանը։
Հարությունյանը հայտնել է, որ Հայաստան է հասել 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ վերջին վիրավորին տեղափոխելուց հետո։
Բժշկի խոսքով՝ բռնի տեղահանումից հետո Արցախում մնացել էին 12 տարեց և մեկ հայ ընտանիք՝ ամուսիններ։ Տարեցներին Կարմիր խաչի միջնորդությամբ Հայաստան են տեղափոխել չորսից հինգ ամսվա ընթացքում, իսկ ամուսիններին՝ ամիսներ անց։
Հարությունյանը պատմել է, որ ամուսինների մարմիններին կապտուկներ են եղել։ Նա հիշատակել է նաև տեղահանումից հետո տարածված տեսանյութերում երևացող հաշմանդամություն ունեցող հայ տղամարդու, որի հետագա ճակատագիրն իրեն հայտնի չէ։
Բժիշկն ընդգծել է, որ տեղահանվածները պետք է հնարավորություն ունենան անվտանգ պայմաններում վերադառնալ Արցախ։ Նա նաև հայտնել է, որ քանդվել է այն շենքը, որտեղ գտնվել է ամուսնու տունը։
Հայոց ցեղասպանությունը վերապրածի դուստր Էմիլիա Օհանյանը համաժողովում պատմել է իր ընտանիքի պատմությունը։ Նրա խոսքով՝ պապին գնդակահարել են 1914 թվականին, իսկ տատն ու հոր քույրը զոհվել են 1915 թվականի բռնի տեղահանության ճանապարհին։ Հայրը մի քանի տղաների հետ փախել է տեղահանության քարավանից և օրեր շարունակ թափառելուց հետո հասել Պոլիս։
Կլինիկական հոգեբան Յաել Դանիելին անդրադարձել է այն պատճառներին, որոնց հետևանքով մարդիկ երբեմն դադարում են լսել բռնություններ վերապրածներին։ Նրա խոսքով՝ ուրիշի պատմությունը կարող է այնքան ծանր լինել, որ լսողը սկսի խուսափել դրանից։
Դանիելին հայտնել է, որ իր ուսումնասիրությունների ընթացքում առանձնացրել է 49 ձև, որոնցով մարդիկ խուսափում են ուրիշներին լսելուց։ Նա ընդգծել է, որ այդ կարողությունը հնարավոր է զարգացնել՝ գիտակցելով սեփական զգացումները և չճնշելով դրանք։
Հոգեբանը պատմել է Հոլոքոստը վերապրածների հետ իր զրույցների մասին։ Նրա խոսքով՝ բոլոր զրուցակիցները հայտնել են, որ իրենց չեն լսել։
«Բոլոր վերապրածները, որոնց հետ զրուցել եմ, առանց բացառության ասում էին, որ իրենց ոչ ոք չէր լսում։ […] Ուզում էի ուսումնասիրել, թե ինչու բարի մտադրություններ ունեցող մարդիկ չեն լսում։ […] Սա լռության ապշեցուցիչ դավադրություն է»,- ասել է Դանիելին։
Նա բացատրել է, որ նույնիսկ օգնելու ցանկություն ունեցող մասնագետները միշտ չէ, որ պատրաստ են լսելու վերապրածների պատմությունները։ Դանիելիի խոսքով՝ Հոլոքոստը վերապրածներն իրենք են բժիշկներին, իրավաբաններին և հոգևորականներին ցույց տվել, թե ինչպիսի օգնության կարիք ունեն։
Հոգեբանն ընդգծել է, որ դիմացինի ըմբռնումը կարող է մեղմել վերապրածի միայնության զգացումը, նույնիսկ երբ նա չի խոսում իր ապրածի մասին։ Դանիելին կարևորել է նաև դատարանում տուժածների պատմությունները լսելը՝ նշելով, որ դրանք օգնում են ավելի ամբողջական պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին։
Համաժողովին մասնակցել են 17 երկրի ներկայացուցիչներ։ Այն անցկացվում է նոյեմբերի 13–14-ին։ Կազմակերպիչների հրապարակած ծրագրի համաձայն՝ քննարկումների առանցքում զանգվածային հանցագործությունների զոհերի վկայություններն են, միջազգային արդարադատության հնարավորությունները և անպատժելիության դեմ պայքարը։
Համաժողովը կազմակերպել էր ԱՄՆ-ում գործող «Ճշմարտության և արդարադատության կենտրոնը»՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ։ Կենտրոնը փաստագրում է 2020 թվականի պատերազմից ի վեր հայերի դեմ կատարված ենթադրյալ պատերազմական հանցագործությունները և զեկույցներ է հրապարակում Ադրբեջանում պահվող հայ գերիների ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։
Օսմանյան կայսրության իշխանությունները 1915 թվականին սկսել են հայերի զանգվածային կոտորածներն ու բռնի տեղահանությունները, որոնց հետևանքով զոհվել է շուրջ 1,5 միլիոն հայ։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ իննամսյա շրջափակումից հետո, հարձակվել էր Արցախի վրա։ Դրա հետևանքով ավելի քան 100 հազար արցախցի ստիպված է եղել լքել հայրենիքը։ Հայաստանի կառավարության տվյալներով՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստան էր տեղափոխվել 100 632 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







