Երևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի հետ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունը մեկ անձի է հայտնաբերել, Armenia Today-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։
ՆԳՆ-ից պարզաբանել են, որ դեպքի վերաբերյալ ահազանգ են ստացել, որի հիման վրա գործողություններ են իրականացրել։
«Համայնքային ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որոնք կփոխանցվեն Քննչական կոմիտե»,- հայտնել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ այս պահին այլ տեղեկություններ չունեն։
ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել են, որ հաղորդում չեն ստացել։
Ավելի վաղ News.am-ը գրել էր, որ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակում է տեղի ունեցել «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում։
Լրատվամիջոցի թղթակցի տեղեկություններով՝ Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդը փակել է տրոլեյբուսի ճանապարհը։ Երբ տրոլեյբուսի վարորդը խնդրել է ազատել ճանապարհը, նրանց միջև վիճաբանություն է սկսվել։
NEWS.am-ի տվյալներով՝ մարդատար ավտոմեքենայի վարորդը վիրավորել և թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա փորձել բացել տրոլեյբուսի դուռը։ Հետագայում վարորդների և մի քանի քաղաքացու միջև քաշքշուկ է տեղի ունեցել։
Ուղևորների միջամտությունից հետո տրոլեյբուսի վարորդը շարունակել է երթևեկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







