Իրանի կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարել բողոքի ցույցերի ժամանակ երկրի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ, հայտնում է Tasnim News Agency-ն։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և կառավարության անդամներն «Իրանի ժողովրդի հետ սգում են» զոհվածների համար, ասված է Իրանի նախարարների կաբինետի հայտարարության մեջ:
Իշխանությունները հայտարարել են, որ անկարգությունների ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները բռնություն են գործադրել խաղաղ քաղաքացիների, «Բասիջ»-ի մարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իշխանություններն այդ դաժանությունը համեմատում են «Իսլամական կազմակերպության» զինյալների գործողությունների հետ:
ԱՄՆ-ում տեղակայված իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհվել է առնվազն 544 մարդ։ Իշխանությունների կողմից ներդրված կապի արգելափակումը շարունակվում է արդեն ավելի քան 84 ժամ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը բանակցությունների է դուրս եկել», ընդ որում՝ ըստ նրա՝ ամերիկացի զինվորականները քննարկում են Թեհրանի նկատմամբ գործողությունների շատ կոշտ տարբերակներ: Իրանի իշխանություններն, իրենց հերթին, բազմիցս հայտարարել են ԱՄՆ-ի միջամտության դեպքում պատասխան հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին:
Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ռազմական միջամտության դեպքում ամերիկյան ռազմական և առևտրային բազաները պատասխան հարվածների թիրախ կդառնան:
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ: Իրանագետ Տիգրան Դավուդյանը հունվարի 11-ին հայտնել էր Իրանում հայ ցուցարարի մահվան մասին։






































