Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ ներկայացված մեղադրանքներն «անհիմն և շինծու» է անվանել։ Եռօրյա հայրապետական այցով Ժնև և Մարսել մեկնած կաթողիկոսին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են հարյուրավոր քաղաքացիներ։
«Պատվիրյալ արդարադատությամբ նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանավորման ժամկետ։ Մենք գիտենք, որ քաջարի մեր սրբազաններն աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են իրենց բաժին ընկած բոլոր դժվարությունները՝ հաստատուն կամքով, որ արդարությունը պիտի հաղթանակի»,- ասել է կաթողիկոսը։
Գարեգին Բ-ն նաև նշել է, որ ուղերձներում և կատարած հայտարարություններում բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին վերջ դնել հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին։ Դրանք, կաթողիկոսի խոսքով, նպատակ ունեն «լռեցնել իրենց արդար ձայնը, նաև հարկադրել եկեղեցու կարգաց և կանոնաց խախտմամբ գործողություններ կատարելուն»։
Ամենայն Հայոց կաթողիկոսը շեշտել է, որ հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության, որպես Հայրապետ հայոց, եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությամբ և թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակեն իրենց կոչմանն ու առաքելությանը հավատարիմ ծառայություն մատուցել ժողովրդին։
Օդանավակայանում հավաքված քաղաքացիները Գարեգին Բ-ին դիմավորել և ճանապարհել են ծափահարություններով և «վեհափառ» վանկարկումներով։ Կաթողիկոսը տերունական աղոթք է հնչեցրել կալանավորված արքեպիսկոպոսների, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և բոլոր անօրինական բանտարկվածների արագ ազատ արձակման համար։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Վերջինը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չէին պատասխանել Armenia Today-ի հարցին, թե ինչո՞ւ է զեղչվել վեհափառի անունը։ Փաշինյանը հաստատել էր տեղեկությունը, որ իր մասնակցությամբ պատարագներից առաջ պետական ու այլ մակարդակով, այդ թվում՝ Ազգային անվտանգության միջոցով, քահանաներին խնդրում են չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Նոյեմբերի 30-ին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։



































