Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, եթե դրան հարգանքով վերաբերվեն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Guardian-ին։
Արաղչին հայտարարել է միջնորդների նոր խնդրանքների մասին՝ վերսկսելու բանակցություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ և նշել, որ միայն դիվանագիտությունը կարող է օգտակար լինել։
«Ոչ թե Իրանը փախավ դիվանագիտությունից, այլ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները, որոնք միշտ ձգտել են իրենց կամքը պարտադրել բանակցություններին։ Դիվանագիտությունը դեռևս իրավունք ունի գոյատևելու և մնում է վեճերի լուծման վերջնական գործիքը, բայց դրա չափանիշները, կանոնները և սկզբունքները պետք է հարգվեն»,- հայտարարել է նախարարը։
Նա ընդգծել է, որ եթե նրանք Իրանի ժողովրդի հետ խոսեն արժանապատվության և հարգանքի լեզվով, կստանան համարժեք պատասխան։
Արաղչին, ելույթ ունենալով Թեհրանում անցկացված անվտանգության համաժողովում, կրկին հայտարարել է, որ Իրանն ունի «անօտարելի իրավունք՝ հարստացնելու ուրանը երկրի ներսում, որից երբեք չի հրաժարվի»։
Արաղչին հոկտեմբերին հայտնել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ էին միջուկային համաձայնագրին, բայց Իսրայելին հաջողվել էր համոզել ԱՄՆ-ին հարձակվել Իրանի վրա։
2025 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցի շուրջ հինգ փուլ բանակցություններն ավարտվել էին առանց արդյունքի՝ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունների և ամերիկյան զինված ուժերի հարվածների ֆոնին։ Սեպտեմբերի 23-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը «չի բխում երկրի ազգային շահերից», քանի որ ամերիկյան կողմը բանակցություններ չի վարում, այլ թելադրում է սեփական պայմանները։




































