Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ էին միջուկային համաձայնագրին, բայց Իսրայելին հաջողվեց համոզել ԱՄՆ-ին հարձակվել Իրանի վրա, X-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Արաղչին կեղծ է համարել Իսրայելի հետախուզության կողմից իբր հաստատված զանգվածային ոչնչացման զենք մշակելու Իրանի ծրագրերի մասին տեղեկությունները։
«Տեղի են ունեցել միայն անհասկանալի ավերածություններ, զոհվել են հազարավոր ամերիկացի զինվորներ և 7 տրլն դոլար է վատնվել ամերիկացի հարկատուների գումարից»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Ըստ նրա՝ Իսրայելն այժմ փորձում է Իրանի պաշտպանական հնարավորություններից ստեղծել երևակայական սպառնալիք։
«Այժմ ամերիկացիները հոգնել են Իսրայելի անվերջ պատերազմներին մասնակցելուց»,- ընդգծել է Արաղչին։
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ խնդրի լուծումը տեսնում է միայն դիվանագիտական ճանապարհով։
2025 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցով հինգ փուլ բանակցություններն ավարտվել էին առանց արդյունքի՝ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունների և ամերիկյան զինված ուժերի հարվածների ֆոնին։ Սեպտեմբերի 23-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը «չի բխում երկրի ազգային շահերից», քանի որ ամերիկյան կողմը բանակցություններ չի վարում, այլ թելադրում է սեփական պայմանները։




































