ԱՄՆ-ի հետ բանակցություններն Իրանին ոչինչ չեն տա, հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:
«Ոչ մի օգուտ, ոչ մի պաշտպանություն վնասից»,- նրա խոսքերն է մեջբերել IRNA-ն:
Խամենեին ընդգծել է, որ Թեհրանին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ հրթիռների հեռահարության կրճատումը, անընդունելի են իրանական կողմի համար, և «ոչ մի պարկեշտ մարդ դա չի ընդունի»: Նա հայտարարել է, որ Իրանն աշխարհի շուրջ 10 երկրներից մեկն է, որոնք կարող են հարստացնել ուրան, բայց այլ երկրներ նույնպես ունեն միջուկային զենք, մինչդեռ Թեհրանը «չունի և մտադիր էլ չէ ունենալ»:
Խամենեին նաև ընդգծել է Իրանի պատրաստակամությունն ընդունելու «հիմնավոր և արդար առաջարկ, որը կապահովի իր ազգային շահերը»: Միևնույն ժամանակ՝ նա հավելել է, որ Թեհրանն «ամուր կպաշտպանի իր դիրքորոշումն» ազգային անվտանգության և շահերի հարցերում:
Օգոստոսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել էին Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված պատժամիջոցների վերականգնման գործընթացը: «Եվրաեռյակը» պահանջել էր, որ Իրանը վերականգնի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ, լուծի հարստացված ուրանի պաշարների հարցը և բանակցություններ վարի ԱՄՆ-ի հետ։





































