Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ղազախական հացահատիկի Հայաստան տեղափոխման մասին։
Ըստ հրապարակման՝ տեղափոխումն իրականացվել է՝ համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին Ղազախստանում արված հայտարարության։
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 00:15-ին, Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով մաքսազերծվել է 15 վագոն հացահատիկ, որոնց ընդհանուր քաշը 1048 տոննա և 800 կգ է։ Բեռն ուղարկվել է Հայաստանի Դալարիկ կայարան, նշում են ադրբեջանական աղբյուրները:
Հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր Ալիևի հայտարարությունը: «Ուզում եմ իմ գնահատականն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը: Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ»,- ասել էր վարչապետը։





































