Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում կատարեր պատարագ, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նշել է, որ դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը:
«Քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը»,- շեշտել է Զոհրաբյանը:
Փաստաբանը հավելել է, որ դիմել էին ոստիկանություն, որպեսզի կանխեն Ասատրյանի մուտքը եկեղեցի, սակայն տարածքում ներկա ոստիկանները հրաժարվել են ներխուժման կանխման գործողություն կատարելուց՝ պատճառաբանելով, որ ոստիկանությունից չեն ստացել այդ դիմումը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տեր Արամ քահանա (Ստեփան՝ աշխարհիկ անվամբ-խմբ.) Ասատրյանը կարգալույծ էր հռչակվել՝ «սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները»:
Թեպետ կարգալույծ լինելուն՝ Ասատրյանը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատրաստվում է պատարագ մատուցել։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ մասնակցելու է պատարագին։ ԱԺ-ում էլ վերահաստատել էր դիրքորոշումը՝ նշելով, որ ոչ թե Ասատրյանն, այլ Գարեգին Բ-ն է «կարգալույծ»։
Հոկտեմբերի 23-ին Հովհաննավանքում Ասատրյանը մերժել էր եկեղեցու ծանուցումը:






































