ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում ամրապնդվել են, և նա կարող է հասնել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելուն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ ՔՊ-ում նախընտրում են կանգնել ԱԺ նախագահի կողքին, քանի որ Սարգսյանը քրեական կապեր ունի։ Առաջիկայում մեծ աղմուկով ընտրված կուսակցության նոր վարչությունը նախատեսում է քննարկել այս հարցը և որոշում կայացնել։
ՔՊ վարչությունը սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ էր անցկացրել՝ Սարգսյանի և ԱԺ նախագահի կոնֆլիկտը քննարկելու համար։
Սեպտեմբերի 17-ին լրատվամիջոցները գրել էին, որ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչության նիստին պահանջել է Սիմոնյանին կուսակցությունից հեռացնել։ Մամուլի տեղեկություններով՝ Սիմոնյանը «բարկացել է բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու Սարգսյանի նախագծից, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի»։





































