«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է անցկացրել՝ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը քննարկելու համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին:
Լրատվամիջոցներին ուղարկված անանուն նամակից հետո ՔՊ-ում կարծում են, որ նամակագիրը Սարգսյանն է, և նրան կանչել են բացատրության։ Վարչությունում լսել են կողմերին և եզրակացրել, որ Սարգսյանի պնդումները հիմնավորված չեն, հետևաբար՝ Սիմոնյանին կարգապահական տույժի չեն ենթարկի։
Սեպտեմբերի 17-ին լրատվամիջոցները գրել էին, որ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչության նիստին պահանջել է Սիմոնյանին կուսակցությունից հեռացնել։ Մամուլի տեղեկություններով՝ Սիմոնյանը «բարկացել է բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու Սարգսյանի նախագծից, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի»։





































