«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն ապրիլին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, ինչի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն, հայտնել են ՔՊ-ից։
Կուսակցությունը նշել է, որ Սարգսյանը դիմում է ներկայացրել Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին՝ հարցի քվեարկությունից առաջ: ՔՊ-ից, սակայն, չեն մանրամասնել քննարկած հարցը։ Միաժամանակ՝ հավելել են, որ ՔՊ վերահսկող հանձնաժողովը Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։
«Վերահսկող հանձնաժողովը Սարգսյանին 2 անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով։ ՔՊ կանոնադրության համաձայն՝ կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք»,- ասված է ՔՊ-ի հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 17-ին 24News-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչության նիստին պահանջել է Սիմոնյանին կուսակցությունից հեռացնել։ Կայքի տեղեկություններով՝ Սիմոնյանը «բարկացել է բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու Սարգսյանի նախագծից, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի»։ Ըստ կայքի աղբյուրի՝ Սիմոնյանն սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին»,- հայտնել է կայքի աղբյուրը՝ նշելով, որ Սարգսյանն իր ասածները հիմնավորող տեսանյութեր է ուղարկել թիմակիցներին։





































