Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի երկարաձգման որոշումները։
Նշվում է, որ նման որոշումներով դատարանը ոտնահարել է արդարադատությունը՝ պարզորոշ դարձնելով իշխող քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը:
Մայր Աթոռից նշել են, որ Աջապահյանի և Կարապետյանի իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն, բացառվի ապօրինի հետապնդումը, և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն կալանքից։
«Նման անհիմն որոշումներով արդարադատությունը ձեռք է բերում պատժիչ նշանակություն, իսկ դատարանները վեր են ածվում ազատ խոսքի և կրոնի ազատության բռնաճնշման գործիքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մայր Աթոռը շեշտել է, որ այսպիսի գործելաոճը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին և աղերս չունի հենց իշխանությունների կողմից տարփողվող ժողովրդավարական արժեքների հետ:
Այսօր ավելի վաղ դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը, 10 օրով՝ Միքայել Սրբազանինը։
ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ինչպես նաև նրա առաջնորդած ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի՝ ահաբեկչության և պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղադրանքով։ Հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






