Դատարանը 10 օրով երկարաձգեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը: Այդ մասին այսօրվա դատական նիստին հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ նման կերպ մերժելով սրբազանին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
«Հաշվի առնելով վարույթի ոչ ծավալուն լինելը՝ կալանքի ժամկետը կերկարաձգվի 10 օր ժամկետով»,- ասաց դատավորը։
Այսօր արքեպիսկոպոսի գործով առաջին դատական նիստն է: Սրբազանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու հարցը քննարկել առաջնահերթության կարգով։
Միքայել արքեպիսկոպոսի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դատարանի այս որոշումն ակնհայտ ապօրինի է:
Դատարանը մերժեց նաև փաստաբանների մեկ այլ միջնորդություն՝ Միքայել սրբազանի գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան փոխանցելու մասին:
Իրավապահները հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով:





































