ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դատապարտել են իրավապահների գործողությունները գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ։
«Տարածաշրջանի բացառիկ վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»,- ասվում է «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։
ՀՀԿ-ն դատապարտել է Կարապետյանի նկատմամբ «բռնաճնշումների զարհուրելի և ապօրինի դրսևորումները», և անվերապահ աջակցություն հայտնել Կարապետյանների ընտանիքին։
«Ազգայինի դեմ ներկայիս ռեժիմի գարշելի արշավը չէր կարող շրջանցել նաև համահայկական արժեքներին հավատարիմ և ազգային կապիտալի բացառիկ ներկայացուցիչ, համահայկական գործիչ Սամվել Կարապետյանին, ով իր կենսագրությամբ և գործունեությամբ մշտապես ապացուցել է իր անվարան հավատարմությունը հայոց ազգային և հոգևոր արժեքներին»,- նշել են ՀՀԿ-ից։
«Ռուսաստանի հայերի միությունն» աջակցել է գործարարին։ Միության նախագահ Արա Աբրահամյանը հիշեցրել է Կարապետյանի կատարած ազգանպաստ աշխատանքները Հայաստանում և Ռուսաստանում։
Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը ևս աջակցություն է հայտնել Կարապետյանին։ «Երբվանի՞ց է եկեղեցուն, ժողովրդին աջակցելը հանցագործություն»,- ասել է նա։
Հունիսի 17-ին Կարապետյանը մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Նա նաև չի բացառել, որ գործարարին կարող են ձերբակալել։