«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մեղադրել է իշխանություններին ՀԷՑ-ը սեփականատիրոջից՝ Սամվել Կարապետյանից խլելու և ընկերության վերաբերյալ հանրությանը մոլորեցնելու մեջ։
Նա հակադարձել է ընկերությանը շուրջ 64,6 մլրդ դրամի վնաս պատճառելու վերաբերյալ Քննչական կոմիտեի մեղադրանքներին։ Ղազինյանի ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Ղազինյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն կարողանա ՀԷՑ-ը վաճառել այլ գնորդի, և ընկերությունը վերադարձվելու է սեփականատիրոջը։
«Այս իշխանությունը շատ շուտ գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է իր սեփականատիրոջը»,- ասել է նա։
Նրա գնահատմամբ՝ հնարավոր գնորդները հաշվի կառնեն ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը և սեփականության իրավունքի հետ կապված ռիսկերը։
Քննչական կոմիտեն նոյեմբերի 4-ին հայտնել է, որ ՀԷՑ-ին շուրջ 64,6 մլրդ դրամի ենթադրյալ վնաս պատճառելու գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 36 անձի, այդ թվում՝ Կարապետյանի նկատմամբ։ Նրան կալանավորել էին։
Քննության վարկածով՝ 2016–2024 թվականներին Կարապետյանի կազմակերպմամբ և ղեկավարությամբ ՀԷՑ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք ներգրավել են ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտից ավելի մեծ վարկային միջոցներ, այնուհետև գումարները տրամադրել բաժնետերերին և փոխկապակցված ընկերություններին՝ շահաբաժինների, փոխառությունների ու կանխավճարների տեսքով։
Ղազինյանի հակադարձումը վարկերի և շահաբաժինների վերաբերյալ
Ղազինյանը պնդել է, որ ՔԿ-ն սխալ է մեկնաբանում ՀԷՑ-ի վարկային պայմանագրերի պայմանները։ Նրա խոսքով՝ վարկերը տրամադրվել են տարբեր նպատակներով՝ ինչպես ներդրումների իրականացման, այնպես էլ կրեդիտորական պարտքերի մարման համար։
Ղազինյանը հայտարարել է, որ ընկերության սեփականատերը շուրջ ութ տարի շահաբաժին չի ստացել, իսկ հետագայում ստացած գումարը կազմել է ընկերության շահույթի մոտ 20–25%-ը։
Նրա պնդմամբ՝ միայն 2023–2025 թվականներին վարկերի տոկոսների մարմանն ուղղված գումարները գերազանցել են սեփականատիրոջ ստացած շահաբաժինը։ Ղազինյանը նաև պնդել է, որ ՀԷՑ-ի վարկերի տոկոսները վճարել է սեփականատերը, ոչ թե էլեկտրաէներգիայի սպառողները։
«Այս պարագայում էլ են խաբում ժողովուրդ ջան»,- հայտարարել է նա։
Նա քննադատել է նաև շահաբաժին ստանալը որպես հափշտակություն ներկայացնելը։
Ղազինյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կարապետյանների ընտանիքի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։
Փաշինյանը պնդել էր, որ Կարապետյանների ընտանիքը ՀԷՑ-ից «սնվել է» և ընկերությունում ներդրումներ չի կատարել։
«Ամոթ է, տիեզերական հիմարությունները մեկնաբանման ենթակա չեն»,- հայտարարել է Ղազինյանը՝ հակադարձելով նրա պնդումներին։
Սամվել Կարապետյանի երաշխավորությունները
Ղազինյանի խոսքով՝ 2015 թվականից ՀԷՑ-ի վարկային պայմանագրերով գործել են Կարապետյանի անձնական և նրա ընկերությունների երաշխավորությունները։
Նրա պնդմամբ՝ առանց այդ երաշխավորությունների ՀԷՑ-ը չէր կարողանա ներգրավել անհրաժեշտ ֆինանսավորում, քանի որ ձեռքբերման պահին ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում էր և ուներ շուրջ 36 մլրդ դրամի պակասորդ։
Ղազինյանը հակադարձել է նաև երաշխավորությունները վարկային պարտավորությունների հաշվարկում չներառելու վերաբերյալ մեղադրանքներին։
Նրա բացատրությամբ՝ երաշխավորության առկայությունն ինքնին չի նշանակում, որ համապատասխան գումարն արդեն չմարված պարտավորություն է։ Նա ընդգծել է, որ այդ երաշխավորությունները պաշտոնապես ձևակերպված էին։
Հենասյուների գնումները
Ղազինյանը մեղադրել է իշխանություններին ՀԷՑ-ի համար երկաթբետոնե հենասյուների ձեռքբերման գները տարբեր պայմաններով համեմատելու մեջ։
Նրա խոսքով՝ նախկին պայմանագրերի արժեքում ներառված էին նաև հենասյուների տեղափոխման և մատակարարման լրացուցիչ ծառայությունները, մինչդեռ նոր մրցույթների պայմաններում դրանք բացակայել են։
Ղազինյանը բացատրել է, որ նախկին մատակարարները պարտավոր էին արտադրանքը հասցնել պատվիրատուի նշած վայր՝ անկախ հեռավորությունից և տեղանքի բարդությունից։
Նա նաև հայտնել է, որ մրցույթներից մեկում իրենց առաջարկած գինը ցածր էր ինքնարժեքից, սակայն մյուս մասնակիցների հրաժարվելուց հետո իրենք ստանձնել են մատակարարումը։ Ղազինյանի պնդմամբ՝ ՀԷՑ-ի նախկին ղեկավարությունը առաջնահերթություն է տվել ապրանքների որակին, ոչ թե միայն ցածր գնին։
Պետական մարմինների պատասխանատվության հարցը
Ղազինյանը հիշեցրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) տարիներ շարունակ ուսումնասիրել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը և իրավունք ունեցել դրանցից բացառելու ոչ նպատակահարմար ծախսերը։
Նրա գնահատմամբ՝ եթե ՀԷՑ-ում իսկապես տեղի են ունեցել իշխանությունների նկարագրած խախտումները, ապա պետք է գնահատվի նաև ընկերության գործունեությունը վերահսկած պետական մարմինների պատասխանատվությունը։
Նա այդ համատեքստում հիշատակել է ՀԾԿՀ-ն, ոլորտային գերատեսչությունները, Ազգային անվտանգության ծառայությունը և կառավարությունը։ Ղազինյանի գնահատմամբ՝ ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունում նման իրավիճակի հաստատումը կարող էր նույնիսկ կառավարության հրաժարականի հիմք դառնալ։
Կթանկանա՞ էլեկտրաէներգիան
Ղազինյանը կասկածի տակ է դրել իշխանությունների հայտարարությունները, թե ՀԷՑ-ի նոր կառավարման պայմաններում գնումներն ավելի էժան են իրականացվում։
Նա հարց է ուղղել իշխանություններին՝ եթե ընկերությունն այժմ ավելի արդյունավետ է կառավարվում և ապրանքներն ավելի ցածր գներով են ձեռք բերվում, ինչու էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազում։
Ղազինյանի գնահատմամբ՝ առաջիկայում էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ իշխանությունները ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ գտնել գործող սակագինը պահպանելու համար։
Նա հայտարարել է, որ գործող իշխանությունները չեն երաշխավորում անգամ առաջիկա երկու տարում էլեկտրաէներգիայի սակագնի անփոփոխ մնալը։
Ղազինյանը պնդել է, որ ՀԷՑ-ի նկատմամբ իշխանությունների գործողությունները խախտում են սեփականատիրոջ իրավունքները։
Նրա գնահատմամբ՝ ընկերության հնարավոր գնորդները ստիպված կլինեն հաշվի առնել սեփականության իրավունքի շուրջ առաջացած վեճերը և հետագա իրավական ռիսկերը։ Պատգամավորը վստահություն է հայտնել, որ իշխանափոխությունից հետո ՀԷՑ-ը վերադարձվելու է իր սեփականատիրոջը։
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 15-ին ընդունել էր ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և դրանք պետությանն օտարելու նախագիծը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2025 թվականի նոյեմբերի 17-ին դադարեցրել էր ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Ընկերության սեփականատերերը որոշումը վիճարկում են ներպետական և միջազգային ատյաններում։ Ղազինյանը 2026 թվականի ապրիլին հայտարարել էր, որ ՀԷՑ-ի շուրջ գործընթացը քաղաքական բնույթ ունի։ Նա նաև քննադատել էր ընկերության նախկին ղեկավարության հասցեին հնչեցված ֆինանսական չարաշահումների մեղադրանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







