Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:19

Կարապետյանը կոչ է արել Բաքվին չհանձնել Շաքիում հայ ընտանիքին վնասած ադրբեջանցուն

Կարապետյանը կոչ է արել Բաքվին չհանձնել Շաքիում հայ ընտանիքին վնասած ադրբեջանցուն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ է արել Սյունիքի մարզի Շաքի գյուղում հայ ընտանիքի վրա հարձակված և Անի Ավետիսյանին կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին չհանձնել Բաքվին։

«Նա հանցագործ է, սպանության փորձ է կատարել, պետք է նստի»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Կարապետյանը։

Ադրբեջանցի զինծառայողը հոկտեմբերի 1-ին զինված հարձակում էր գործել Շաքի գյուղում բնակվող ընտանիքի վրա։ Նա մուտք էր գործել տուն, պատանդ վերցրել դպրոցից վերադարձած երկու երեխային, իսկ երբ մայրը փորձել էր պաշտպանել նրանց, կրակել էր կնոջ վրա։ Վնասվածքներ էին ստացել նրա երեխաներից երկուսը, տղան վիրահատվել էր։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։

Հաղորդավարի հարցին, թե արդյոք ադրբեջանցի զինծառայողին չվերադարձնելը չի՞ հանգեցնի նրան, որ հետագայում Բաքուն հրաժարվի վերադարձնել մոլորված և պատահաբար սահմանը հատած հայ զինծառայողներին, Կարապետյանը պատասխանել է, որ այդ դեպքերը չի կարելի նույնացնել։

Նրա խոսքով՝ մոլորված հայ զինծառայողները սահմանը հատելուց հետո հանցագործություն չեն կատարում, մինչդեռ Շաքի ներթափանցած ադրբեջանցին հանցագործություն է կատարել։ Կարապետյանը հիշեցրել է նաև Քաջարանի հանքի աշխատակցի սպանության դեպքը։

«Մոլորված զինվոր լիներ, մենք դա չէինք ասի։ Մոլորված զինվոր չի, հանցագործ է»,- ընդգծել է Կարապետյանը։

Նա անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի անվտանգությանը՝ ասելով, որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում Հայաստան անցած երկու ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ դեպքերում մարդիկ են տուժել։

«Այդ մի հոգուն չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք թողնում բաց սահման, ապահովում, որ գան-լցվեն այստեղ, ինչպե՞ս է իշխանության քաղաքականությունը շարժվում»,- ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով սահմանազատմանը՝ Կարապետյանը հիշեցրել է իրենց քաղաքական ուժի դիրքորոշումը, որ սահմանի ճշգրտումը պետք է սկսել Ջերմուկից, Վարդենիսից և Տեղ գյուղից։ Նա դա հիմնավորել է այն հանգամանքով, որ գործընթացը պետք է սկսվի Հայաստանի տարածքային ամբողջականության տեսանկյունից խնդրահարույց հատվածներից, այլ ոչ այն վայրերից, որտեղ, իր խոսքով, Ադրբեջանը տարածքային ձեռքբերումներ է ակնկալում։

«Մենք ունենք սահմանազատման ծրագիր, բայց դա սկսվում է Ջերմուկից»,- հայտարարել է Կարապետյանը։

Հաղորդավարը նաև հարցրել է Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին։ Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ օրենսդրությամբ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածք է, և մերժել է այն Ադրբեջանին հանձնելու մոտեցումը։

«Տիգրանաշենն իրենցը չէ, Հայաստանի օրենքներով Տիգրանաշենը հայկական է»,- ասել է նա։

Տիգրանաշենի շուրջ բանավեճի ընթացքում Կարապետյանը նաև հարցրել է. «Առաջարկն ի՞նչ է, Սյունիքի ճանապարհը նվիրե՞նք իրենց»։

ՀՀ վարչատարածքային բաժանման մասին 1995 թվականի օրենքով Տիգրանաշենը ներառված է Արարատի մարզի կազմում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսին հայտարարել էր, որ Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ՝ այն անվանելով «Քյարքի»։ Սեպտեմբերի 17-ին նա ասել էր, որ Տիգրանաշենի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա, իսկ հանրաքվեի անհրաժեշտությունը պարզ կդառնա սահմանազատման արդյունքում։

Կարապետյանը նաև հիշեցրել է ավելի վաղ ներկայացրած մոտեցումը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և TRIPP («Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի շուրջ գործընթացը պետք է ուղեկցվեն Հայաստանի տարածքային ամբողջականության միջազգային երաշխիքներով։

«Մենք ունենք տարածաշրջանային երաշխավորների գործիք։ Պատրաստ եմ ստորագրել, եթե ունենանք մեր տարածքային ամբողջականության երաշխավորը»,- հայտարարել է նա։

Որպես հնարավոր երաշխավորներ՝ Կարապետյանը հիշատակել է Իրանին, Ռուսաստանին և այլ երկրների։

Դիտեք նաև՝

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ | «Չգիտես՝ քոնն է, թե ոչ»․ ինչպես է Տիգրանաշենն ապրում սահմանազատման շուրջ անորոշության պայմաններում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+