ՀՀ սահմանը հատած, Սիսիանի Շաքի գյուղում հայ կնոջն ու նրա երեխաներին վնասած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը 2 ամսով կալանավորվել է, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Այսօր ավելի վաղ ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ նրան կալանավորելու միջնորդություն են ներկայացրել դատարան։
Ադրբեջացի զինծառայողը հոկտեմբերի 1-ին էր կրակել էր Շաքիի 39-ամյա բնակչուհի Անի Ավետիսյանի վրա, ավելի ուշ դատախազությունից հայտնել էին, որ տուժել են նաև նրա երկու երեխան։ Զինծառայողը ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին։ Դեպքի առնչությամբ 5 հոդվածով քրեական վարույթներ էին նախաձեռնվել, որոնք կքննվեն միասին։
Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ կնոջ վիճակը կայուն է, երեխաներինը՝ բավարար։ Կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Ազատությանը» պատմել էր, որ քույրը բացի ազդրի շրջանում հրազենի վնասվածքից, երեխաներին պաշտպանելիս կրակոցից կորցրել է ձախ ձեռքի 3 մատը, իսկ տղային վիրահատել են։ Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ ադրբեջանցին լքել էր իր ծառայության վայրը, ինչի մասին հայկական կողմին Ադրբեջանից տեղեկացրել էին դեռ սեպտեմբերի 29-ին, որից հետո որոնողական աշխատանքներ էին սկսվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







