Դատարանը երկարաձգել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կալանքը, հայտնել են նրանց փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Տաթևիկ Սողոյանը։
Թևանյանի կալանքը երկարաձգվել է երեք, Մանուկյանինը՝ մեկ ամսով։
Օրբելյանը Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը «զավեշտի դաշտից» է անվանել։ Նա հայտնել է, որ որոշումը ստանալուց հետո բողոքարկելու են։
«Այս պահին ունենք մի շարք բողոքարկած որոշումներ, որոնց միջազգային ատյաններում բողոքարկման բողոքներն են պատրաստվում։ Առաջինը՝ կալանքի որոշման այս ցիկլը, գաղտնալսումների ցիկլը, կան բավականին անոմալ վիճակներ, փաստաթղթերի կեղծիքի հնարավորություն ենք տեսնում, հիմա վերջնական գնահատում ենք»,- ասել է Օրբելյանը։
Սողոյանը նշել է, որ Մանուկյանի նկատմամբ մեղադրանքների հիմքում որևէ ապացույց չկա։ Նրա խոսքով՝ դատավորները պատկերն ավելի աբսուրդային չդարձնելու համար նույնիսկ հարցեր չեն տվել, թե, օրինակ, ինչո՞ւ չեն կարող այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել։
«Հետաքրքիր է, որ նույնիսկ դատախազները որևէ փաստ չեն մատնանշում, սնանկ են ուղղակի իրենց մեկնաբանությունները, ինչ-որ նեոիրավաբանություն են անում՝ հակագիտական, հակատրամաբանական»,- ասել է Սողոյանը։
Սեպտեմբերի 8-ին տեղի էր ունեցել Թևանյանի և Մանուկյանի գործով դատական նիստը։ Գործի քննությունն անցկացվել էր դռնփակ՝ նյութերում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների առկայության պատճառով։ Օրբելյանը հայտնել էր, որ նախաքննության ավարտից հետո Թևանյանի մեղադրանքից հանվել էին օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից նրա ենթադրյալ հավաքագրման, ինչպես նաև օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին 622 000 դոլարով գաղտնի տեղեկություններ փոխանցելու դրվագները։
Դատարանի շենքի մոտ, հաջակցություն Թևանյանի և Մանուկյանի, նաև ակցիա էր անցկացվել։ Մասնակիցները պահանջել էին ազատ արձակել նրանց և դադարեցնել քրեական հետապնդումը։ Ընդդիմության ներկայացուցիչները գործը քաղաքական դրդապատճառներով հետապնդում էին որակել։
Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին: Մայիսի 23-ին Թևանյանը ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել 2 ամսով։ Հուլիսի 22-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երկու ամսով:
Թևանյանի գործով անցնում է նաև Մանուկյանը։ Հուլիսի 9-ին նա երկու ամսով կալանավորվել էր պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







