«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ և ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի գործով անցնում է նաև «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իրավապահ համակարգի աղբյուրներին։
Նրանց մեղադրում են սահմանազատման թեմայով 2024թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին տեղեկություններ փոխանցելու մեջ։
Իրավապահների վարկածով՝ ԱԺ փակ նիստից ենթադրյալ տեղեկության արտահոսքը Մանուկյանն է արել, փոխանցել է պարբերականը։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ուղղությամբ սկսել են քայլեր ձեռնարկվել, գրել է թերթը։
Թևանյանի նկատմամբ գործողություններն սկսվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին արված հայտարարությունից մեկ օր անց։ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին, մայիսի 23-ին վերջինս երկու ամսով կալանավորվել էր։
Փաստաբան Արամ Օրբելյանը նշել էր, որ Թևանյանի դեմ առաջադրված մեղադրանքում պետական գաղտնիք հավաքելու կամ փոխանցելու դրվագ չկա։




































