«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է, տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերից։
Գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել են, որ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՔO 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով, որը պատժվում է մինչև ցմահ ազատազրկմամբ:
Թևանյանին ազատությունից զրկելու ԿԸՀ-ի համաձայնությունից հետո Թևանյանն ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե։ Կուսակցությունից հայտնել էին, որ «տևական ժամանակ սպասելուց հետո, սակայն, չէր ապահովվել նրա մուտքը ՔՀ։ Փոխարենը՝ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, մասկի-շոու իրականացնելու նպատակով, ձեռնաշղթա էին անցկացրել և, բառացիորեն, երկու քայլ ճանապարհ տարել»։
Նրա աջակիցները ձերբակալման ժամանակ վանկարկում էին՝ «Թևանյան» և «Նիկոլ՝ դավաճան»։ Նրանք պնդում են, որ գործը շինծու է, իսկ Թևանյանին մեկուսացնում են, որպեսզի չմասնակցի նախընտրական գործընթացներին։
Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 12:00-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Թևանյանի նկատմամբ գործողություններն սկսվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին հայտարարությունից մեկ օր անց։
Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին՝ պատգամավոր լինելու ժամանակ խորհրդարանի՝ 2024-ի փակ նիստի տվյալների հնարավոր հրապարակման պատճառով։
Թևանյանն անհեթեթ էր անվանել իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ 2023-ին մանդատը վայր էր դրել, և 2024-ին ֆիզիկապես չէր կարող ԱԺ-ում լինել։



































