Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով պետական դավաճանության և լրտեսության մեջ։
Նշվում է, որ ՔԿ-ն վարույթը հարուցել է ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա։ Այն նախաձեռնվել է 418-րդ հոդվածի 1-ին մասի (պետական դավաճանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում) և 424-րդ հոդվածի 1-ին մասի (լրտեսություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում) հատկանիշներով։
Ըստ մեղադրանքի՝ Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 000 դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։
Ավելի ուշ Թևանյանը հերքել է Քննչական կոմիտեի մեղադրանքները։ Նա գործը «կարված» և «անհեթեթություն» է անվանել։
Թևանյանը նշել է, որ 2021 թվականին ընտրվել է պատգամավոր, բայց 2023 թվականին վայր է դրել մանդատը և մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
«Ֆիզիկապես չէի կարող մասնակցել 2024 թվականի լսումներին։ Հետևաբար մնացած՝ գումային և այլ թեմաներն անհեթեթություն են»,- ասել է նա։
Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին։ Թևանյանն արձագանքել էր մեղադրանքին՝ հայտարարելով, որ նա քրգործեր հարուցելու հրապարակավ ցուցումներ է տալիս իրավապահ մարմիններին, ապա ավելի ուշ հայտնել էր, որ իր փաստաբանները մի քանի ուղղությամբ են պատրաստվում հայց ներկայացնել դատարան՝ զրպարտության, բարի համբավն արատավորելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։




































