«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի թիմակիցները սեպտեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով նրանց գործով ապահովել բաց և հանրության համար հասանելի դատավարություն։ Ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Ակցիայի մասնակիցների երկրորդ պահանջն Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքը վերացնելը կամ այն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներով փոխարինելն է։
Ակցիայի մասնակիցները ԲԴԽ-ի մոտ էին եկել «Ազատություն Անդրանիկ Թևանյանին», «Ազատություն Արեգնազ Մանուկյանին» և կալանավորված մյուս քաղաքական գործիչներին ազատ արձակելու կոչերով և պաստառներով։
«Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչ, Երևանի ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, որ եթե գործով առկա են պետական գաղտնիք պարունակող առանձին դրվագներ, դրանց քննությունը կարող է անցկացվել փակ ռեժիմով, սակայն դատավարությունն, ընդհանուր առմամբ, պետք է լինի հրապարակայինև հասանելի հանրությանը։
«Պահանջում ենք բաց դատավարություն՝ թափանցիկ, հանրության համար հասանելի»,- շեշտել է Սուքիասյանը։
Նա գործը որակել է որպես «քաղաքական» և «աշխարհաքաղաքական»՝ պնդելով, որ դրա նպատակն է վնասել «Բարգավաճ Հայաստան» դաշինքին, որի ընտրական ցուցակի երկրորդ համարն էր Թևանյանը։ Նա նաև հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Մանուկյանի կալանավորման նպատակը Թևանյանի դեմ ցուցմունքներ ստանալն էր։
Անդրադառնալով խափանման միջոցին՝ Սուքիասյանը նշել է, որ նախաքննությունն ավարտվել է, իսկ գործն ուղարկվել է դատարան։ Հետևաբար, ըստ նրա, Թևանյանի և Մանուկյանի կողմից քննությանը խոչընդոտելու հիմքեր այլևս չկան։ Նա ընդգծել է, որ կալանքը չպետք է կիրառվի որպես պատժի միջոց։ Միևնույն ժամանակ շեշտել է, որ, իր պնդմամբ, գործի նյութերում չկան հավաքագրման և 623 հազար դոլար ստանալու վերաբերյալ տվյալներ։
«Նախաքննությունն ավարտվել է, գործը գնացել է դատարան, և ոչինչ չի խանգարում, որ դատական գործընթացի ընթացքում թե՛ Թևանյանը, թե՛ Մանուկյանը լինեն ազատության մեջ։ Եթե վստահ եք, որ մեղադրանքը քաղաքական պատվեր չէ, անցկացրեք բաց դատավարություն»,- ԲԴԽ-ին դիմել է Սուքիասյանը։
Ակցիայի մասնակիցները ԲԴԽ-ից պահանջել են, որ խորհրդի որևէ ներկայացուցիչ մոտենա իրենց և արձագանքի ներկայացված պահանջներին, սակայն ԲԴԽ-ի որևէ ներկայացուցիչ նրանց հետ հանդիպման չի եկել։ Փոխարենը՝ ԲԴԽ-ից առաջարկել են հանդիպման համար կարգադրիչների միջոցով գրավոր դիմում ներկայացնել։
Սուքիասյանը լրագրողներին հայտնել է, որ այդ տարբերակն անիմաստ է համարում։ Նա ընդգծել է, որ Թևանյանի և Մանուկյանի գործով դատական առաջին նիստը նախատեսված է սեպտեմբերի 8-ին, և մինչ ԲԴԽ-ն կարձագանքի դիմումին, բաց դատավարության հարցը կարող է կորցնել իր հրատապությունը։
Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին: Մայիսի 23-ին Թևանյանը ձեռրբակալվել էր, ապա՝ կալանավորվել 2 ամսով։ Հուլիսի 22-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երկու ամսով: Թևանյանի գործով անցնում է նաև Մանուկյանը։ Հուլիսի 9-ին նա երկու ամսով կալանավորվել էր պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







