Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:41

Ծառուկյանի հարցաքննության 3-րդ օրը. աջակիցները հայտնել են վատ նախադեպի մասին

Ծառուկյանի հարցաքննության 3-րդ օրը. աջակիցները հայտնել են վատ նախադեպի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները երրորդ օրն է հավաքվում են Քննչական կոմիտեի շենքի մոտ, ուր նրան կրկին տեղափոխել են հարցաքննության։

Երբ Ծառուկյանը ժամանեց ՔԿ, հավաքվածները նրան դիմավորեցին ծափերով ու «Ծա-ռուկ-յան» վանկարկումներով։ Շենքի մոտ ոստիկանությունը ծառայություն էր իրականացնում ուժեղացված ռեժիմով։

Նույն օրը Քննչական կոմիտե է կանչվել նաև փաստաբան Երեմ Սարգսյանը, ում ավելի վաղ հեռացրել էին գործից և այժմ հարցաքննում են որպես վկա։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Հարություն Հարությունյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ նշել է, որ եթե գործարարների իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, դա կարող է ստեղծել իրավիճակ, երբ նման գործողությունները կընկալվեն որպես ընդունելի և օրինական։

«Եթե այս դեպքը մնա անարձագանք, դա կարող է օրինակ դառնալ մյուսների համար, ովքեր իշխանության հետ անհամաձայնություն են հայտնում և կարող են հայտնվել նույն իրավիճակում՝ տեսնելով, որ ինչ-որ մեկից կարող են խլել ամեն ինչ, իսկ դրա համար պատասխանատվություն ոչ ոք չի կրել»,- ասել է նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանի խոսքով՝ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ ապագայում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտնվել նույն իրավիճակում։

Քաղաքական գործչի թիմակիցների խոսքով՝ Ծառուկյանի, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և ընդդիմադիր այլ գործիչների սեփականության նկատմամբ իրավական գործողությունները լուրջ ռիսկեր են ստեղծում երկրի ներդրումային միջավայրի համար»։

Նրանց գնահատմամբ՝ սա ազդակ է ներդրողներին, որ Հայաստանում մասնավոր սեփականության պաշտպանության և ներդրումների անվտանգության երաշխիքներ չկան։

Քննչական կոմիտեի շենքի մոտ Armenia Today-ի հետ զրույցում Ծառուկյանի հետ կապված ընկերությունների պարապուրդի մատնված աշխատակիցների իրավիճակին անդրադարձել է նաև Ազգային ժողովի 8-րդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները հաշվի չեն առնում սեփական քայլերի հետևանքներն աշխատակիցների և նրանց ընտանիքների համար։

«Իշխանության համար ընդհանրապես հետաքրքիր չէ, եթե մեկն աշխատում է, եթե չի աշխատում, իր ընտանիք գումար տանո՞ւմ է, թե ոչ։ Այս իշխանության պալատում այդ մարդկային գործերն այստեղ ընդհանրապես հաշվառելու անհրաժեշտություն չկա, որովհետև այս ութ տարիները ցույց են տվել, որ իր համար կա մեկ նպատակ՝ դա իշխանությունը հնարավորինս երկար պահելն է և դրան հասնելու ճանապարհին բոլոր քայլերը ձեռնարկում է»,- նշել է նա։

Աբրահամյանի խոսքով՝ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները կրում են համակարգված բնույթ։

«Նախընտրական շրջանում իրականացվել է ագրեսիվ, ընդհուպ մինչև խիստ անձնավորված քարոզչություն։ Ընտրություններից հետո ապօրինությունների ճանապարհով խլվել է քաղաքացիների տված քվեն, ինչի հետևանքով կուսակցությունը զրկվել է խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։ Իսկ ներկայումս քաղաքական հարձակումներին զուգահեռ՝ Հայաստանում իրականացվում է սեփականության վերաբաժանման ընդլայնված գործընթաց»,- նշել է նա։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը կոչ է արել քաղհասարակությանն արձագանքել ՀՀ-ում քաղաքական ճնշումներին։

«Միջազգային հանրություն կոչվածը, իրավապաշտպան կազմակերպությունները, քաղհասարակությունն ասելու բան չունե՞ն։ Բերանները ջուր են արել, որ ի՞նչ։ Օրը ցերեկով ահաբեկում են մարդկանց։ Հսկայական քանակությամբ մարդիկ, որոնք իրենց հանապազօրյա հացն են վաստակում, հիմա գործազուրկ են, տնտեսությունը վնաս է կրում, քաղաքական դաշտը չեզոքանում է։ Այս պարագաներում խոսել այն մասին, որ Հայաստանը դեմոկրատիա է՝ ծիծաղելի է»,- ասել է նա։

Դանիելյանի պնդմամբ՝ ՀՀ-ն վերածվել է «մի մեծ կոնցլագերի», անմեղության կանխավարկած գոյություն չունի, և մի մարդ է կայացնում բոլոր որոշումները։

Ծառուկյանին աջակցություն է հայտնել նաև Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Ներսիկ Իսպիրյանը։

«Իր ամբողջ կյանքի ընթացքում կարող էր իրեն դրսևորել արտասահմանում, իր հնարավորությունները տեղափոխել այնտեղ և ապրել շատ բարեկեցիկ կյանքով, բայց նա չարեց այդ ամենը, իր ունեցվածքը, իր հնարավորությունները կապեց իր հայրենի հողի, ջրի հետ և գնահատականի փոխարեն ստացավ մի բան՝ անձնական խոսքի և վրեժի խնդրո առարկան»,- շեշտել է նա։

Ըստ Իսպիրյանի՝ նման գործելաոճով իշխանություններն ուրախացնում են Հայաստանի հակառակորդներին և նրանց հարձակումների առիթ տալիս։

Իսպիրյանը հիշեցրել է, որ Ծառուկյանն աշխատատեղեր է ստեղծել, աջակցել հայկական սպորտին և օգնել արվեստի ոլորտի ներկայացուցիչներին։ Տեղի ունեցողը նա անվանել է «անիմաստ հիմարություն»։

Բռնցքամարտի մարզիչ Իսրայել Հակոբկոխյանը հորդորել է օլիմպիական չեմպիոններին դատապարտել Ծառուկյանի դեմ բռնաճշումները։

«Զարմանում եմ, որովհետև ուրանալը լավ բան չէ։ Ես գիտեմ, որ մարզաշխարհի մեր ներկայացուցիչների 99,9%-ը Ծառուկյանի աջակցության շնորհիվ է հասել այդ մեդալներին։ Եթե մարզիկին անհրաժեշտ է եղել բուժում, անգամ՝ աշխարհի լավագույն բժշկի մոտ, կամ վնասվածք է ստացել, նա օգնել է»,- նշել է Հակոբկոխյանը։

Ծառուկյանի նկատմամբ գործընթացները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարարի միջև հեռակա բանավեճի ֆոնին են, որն սկսվել էր Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ միլիարդատեր քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։

Նույն ժամանակահատվածում վարչապետը հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետական վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին, որից հետո նախաձեռնվել էին ձեռնարկության գործունեությանը վերաբերող վարույթներ, ավելի ուշ ընկերությունն անցել էր պետության կառավարմանը։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը նույնպես անցել էր Երևանի քաղաքապետարանին։ 

Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրա հետ կապվող ավելի քան 70 ընկերությունում իրականացված խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին։ Հուլիսի 7-ին դատարանը կալանավորել էր քաղաքական գործչին։

Ծառուկյանը մեղադրվում է նաև ենթադրյալ խոշոր չափերով խարդախության, ապօրինի որսի մեջ։ Այդ քրեական վարույթի շրջանակում նրա առանձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Առյուծներից մեկը չէր արթնացել ուժայինների կողմից քնաբեր դեղամիջոց ներարկելուց հետո։ Նա անցնում էր նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու գործով, այս մեղադրանքն ավելի ուշ դադարեցվել էր դատախազի կողմից՝ ապօրինի լինելու հիմքով։ 

Խուզարկություններից հետո Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչը հարուցել է աշխատակիցների դժգոհությունը և բողոքի ակցիաների պատճառ դարձել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+