«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործն ու ներկայացրել ընդդիմության հետագա քայլերը։ Ճեպազրույցը հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
Կարապետյանը հայտարարել է, որ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացն իշխանությունների «ապօրինությունների շարունակությունն է»։ Նրա խոսքով՝ այդպիսի քայլերը գործարարների նկատմամբ վնասում են Հայաստանի ներդրումային միջավայրին և վանում ներքին ու արտաքին ներդրողներին։
«Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար իրենք դրա վտանգը չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին։ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր»,- շեշտել է Կարապետյանը
Մեկնաբանելով ընդդիմության հետագա քայլերը՝ Կարապետյանը հայտարարել է, որ մանդատներ վերցնելը չի նշանակում ընտրությունների արդյունքների կամ իշխանության լեգիտիմության ճանաչում։ Նրա գնահատմամբ՝ խորհրդարանական տեղերը զբաղեցնելն «ամենակարճ օրինական ճանապարհն է» իշխանափոխության հասնելու համար։ Նա նաև տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորած Նարեկ Կարապետյանը վերցնելու է պատգամավորական մանդատը։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի»՝ Ազգային ժողովի մանդատները վերցնելու որոշման շուրջ քննադատությանը՝ Կարապետյանը հայտարարել է, որ դրանք ուղղորդված են։ Նրա խոսքով՝ այդ թեման առաջին իսկ օրվանից շրջանառել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները։
«Փաշինյանը, նրան աջակցողները սկսեցին մանդատներ վերցնել-չվերցնելու թեման շրջանառության մեջ դնել։ Իրենց թվում էր, թե մենք իրենց պրովոկացիաներին կուլ կգնանք, բայց դա իրենց չհաջողվեց»,- հայտարարել է նա։
Նա նշել է, որ իրենք առաջարկել էին անցկացնել օրինական ընտրություններ և այդ դեպքում ճանաչել իշխանության լեգիտիմությունը, սակայն, ըստ նրա, իշխանությունն ընտրել է այլ ճանապարհ։ Դաշինքի առաջնորդի գնահատմամբ՝ մանդատներ վերցնելն «ամենակարճ օրինական ճանապարհն է» իշխանափոխության հասնելու համար։
Անդրադառնալով Armenia Today-ի հարցին ընդդիմության հետագա անելիքներին, այդ թվում՝ համակարգող մարմնի ստեղծմանը, Կարապետյանը հայտնել է, որ բացի հիմնական ուժերից, այլ կողմերից ևս արձագանքներ ունեն։
«Երբ հարմար կհամարենք՝ այդ մարմինն արդեն կձևավորվի»,- հայտարարել է Կարապետյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե երբ կհայտարարվի այդ կառույցի մեկնարկի մասին։
Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպել է խորհրդարան անցած թիմակիցների հետ։
Որպես հետագա քայլերի մաս՝ Կարապետյանը նշել է, որ հետընտրական փուլում դաշինքը շարունակելու է բարձրաձայնել գյուղատնտեսության ոլորտի խնդիրները։ Այդ մասին նա հայտնել է՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում այն գործընթացը, որի մասին ինքն ավելի վաղ հայտարարել էր։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ընդդիմությունը կդիմի Ռուսաստանի իշխանություններին՝ հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները հանելու նպատակով։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ն ամեն ինչ անելու է ֆերմերների արտադրանքի արտահանման խնդիրները լուծելու համար թե՛ Ազգային ժողովում, թե՛ այլ նախաձեռնություններով։
«Ամեն ինչ անելու ենք, որ ինչ-որ լուծումներ ունենանք»,- նշել է նա՝ չմանրամասնելով, թե երբ են պատրասրվում դիմել ռուսական կողմին։ Միայն հայտնել է, որ երբ ընդդիմադիր ուժերի առաջին հավաքը լինի, այդ մասին մանրամասներ կհայտնեն։
Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել դեռ նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով Կարապետյանին և Ծառուկյանին։ Փաշինյանը հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։
Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հունիսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերություններում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, դատարանը քննում է նրան կալանավորելու միջնորդությունը։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել է «սուտ» և «փուչիկ»։




































