«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է պատգամավորական մանդատները վերցնելու և Ազգային ժողովում ներկայացված լինելու որոշման մասին։ Այս մասին նա հայտնել է իր ուղերձում։
Քաղաքական գործիչը նշել է, որ որոշումն ընդունվել է երկու հնարավոր սցենարների քննարկումից հետո, որոնք ներառում էին նաև մանդատներից հրաժարվելու և բացառապես փողոցային պայքարի անցնելու տարբերակը։
Կարապետյանի պարզաբանմամբ՝ ներկայիս ձայների հարաբերակցության պայմաններում միայն փողոցային գործողությունները՝ առանց օրենսդիր մարմնում ներկայացվածության, չեն կարող հանգեցնել իշխանափոխության։ Նրա խոսքով՝ երկրում փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է փողոցային պայքարի և խորհրդարանական ընդդիմադիր գործունեության համակցումը։
«Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց, այն ժամանակ երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության: Ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաև»,- ասել է Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ խորհրդարան գնալը չի նշանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած մանդատների թվաքանակի լեգիտիմության ճանաչում, քանի որ, ըստ ընդդիմության, ընտրությունների արդյունքների վրա ազդել է վարչական ռեսուրսի կիրառումը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացված է ավելի շատ ներկայացուցիչներով, քան պետք է լիներ, եթե լինեին օրինական և արդար ընտրություններ: Մենք չենք ճանաչում ՔՊ կուսակցության ներկայացվածության թվաքանակը, ներկայացվածությունն ԱԺ-ում այս կազմով: Սա ընտրախախտումների հետևանք է»,- հայտարարել է նա:
Կարապետյանը նաև շեշտել է, որ եթե երկրում գործեր երկկուսակցական համակարգ, իսկ ընտրություններն ընթանային արդար պայմաններում, ապա պետությունն այլ ղեկավար կունենար։
«Եթե ընտրություններն լինեին իրապես ազատ, անկախ և մրցակցային, Հայաստանի այսօրվա առաջնորդը լինելու էր Սամվել Կարապետյանը»,- ասել է նա։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն առաջին անգամ ցույց տվեցին, որ գործող վարչապետն այլևս չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյնաին անվանել է նորանկախ Հայաստանի պատմության «ամենաթույլ վարչապետը»։
Ըստ Կարապետյանի՝ իշխող ուժը կիրառել է վարչական ռեսուրսի գրեթե բոլոր մեթոդները, սակայն նույնիսկ այդ պայմաններում չի կարողացել ստանալ ժողովրդի մեծամասնության աջակցությունը և ձևավորել սահմանադրական մեծամասնություն։
Կարապետյանի խոսքով՝ ընտրողները մերժել են եկեղեցու դեմ տարվող քաղաքականությունը, ազգային ինքնության թուլացման միտումները, Սահմանադրության փոփոխության ու ազգային շահերի հաշվին զիջումների գնալու ծրագրերը, ինչպես նաև այն տնտեսական քաղաքականությունը, որը հանգեցնում է քաղաքացիների կենսամակարդակի անկմանը։
Նա նաև անդրադարձել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ վերջինս ավելի քան մեկ տարի անցկացրել է կալանքի տակ, սակայն կարողացել է կանխել իշխող ուժի կողմից սահմանադրական մեծամասնություն ձևավորելու գործընթացը։ Կարապետյանը շեշտել է, որ «Ուժեղ Հայաստանը» պատմականորեն ամենաշատ ընդդիմադիր ձայներ հավաքած քաղաքական ուժն է վերջին շրջանում։
Խոսելով ապագա անելիքների մասին՝ նա նշել է, որ իրենք պատրաստվում են սահմանափակել իշխող կուսակցության տեղական ներկայացուցիչների ազդեցությունը, որպեսզի վերջիններս հնարավորություն չունենան ճնշումներ գործադրել մարզերում։
«Մենք պետք է կտրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թևերը Հայաստանով մեկ, որպեսզի նրանք հնարավորություն չունենան ամեն գյուղում, ամեն քաղաքում ճնշման ենթարկել մեր հայրենակիցներին իրենց արդար որոշման համար: Սա կբերի շատ ավելի դրական լուծումների հետագա արտահերթ և հերթական ընտրությունների ժամանակ»,- պարզաբանել է նա:
Կարապետյանը հավելել է, որ քաղաքական ուժը մտադիր է մասնակցել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ տարածքային մակարդակում իշխող կուսակցության ազդեցությունը սահմանափակելու և հետագա համապետական ընտրություններում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով։































