«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու «գաղտնի պլանի» մասին։ Կարապետյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Կարապետյանը հավելել է, որ կան նաև պլանի իրագործման ժամկետներ, բայց հրաժարվել է այս պահին բացահայտել դրա մանրամասները։ Կարապետյանը նաև հայտնել է, որ ընդդիմադիր ուժերի հետ առաջին հանդիպումը նախատեսվում է Սահմանադրական դատարանի՝ ընտրույթյունների արդյունքների վիճարկման գործով որոշումից հետո։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերից շատերը միանալու պատրաստակամություն են հայտնել, սակայն անուններ չի հրապարակել՝ կրկնելով, որ «գաղտնի պլանը» չի բացահայտելու։
Armenia Today-ի հարցին՝ արդյոք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար դիտարկում են նաև փողոցային պայքարը, Կարապետյանը պատասխանել է, որ այդ տարբերակը չի բացառվում, սակայն այս պահին սպասում են ՍԴ-ի որոշմանը։ Նրա խոսքով՝ եթե գնահատեն, որ դրա անհրաժեշտությունը կա, ապա կգնան նաև այդ ճանապարհով, սակայն այժմ գործում են իրավական հարթությունում։
«Այսօրվա դրությամբ երկրում փողոցային միայն Փաշինյանն է, դրա համար մենք առաջնորդվում ենք օրենքով, գնացել ենք ՍԴ, հիմա կտեսնենք Սահմադրական դատարանի որոշումը, դրանից հետո կորոշենք մեր հետագա քայլերը»,- նշել է դաշինքի առաջնորդը։
Armenia Today-ի թղթակցի հարցին ի պատասխան նա անդրադարձել է նաև ՍԴ-ում քննվող ընտրական վեճին՝ նշելով, որ դատարանը հնարավորություն ունի նշանակելու ընտրությունների երկրորդ փուլ։
«Կտեսնենք ՍԴ-ի կախվածության աստիճանը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ՍԴ-ի որոշումից հետո միայն կպլանավորվեն նաև մանդատներ վերցնելու կամ չվերցնելու հարցը։
Նա նաև ընդգծել է, որ ընտրողների հետ շփումների արդյունքում, իր գնահատմամբ, նրանց շուրջ 60%-ն այժմ կողմ է մանդատները վերցնելուն, իսկ 40%-ը դեռ կարծում է, որ պետք է հրաժարվել դրանցից։
Լրագրողի հարցին, թե ինչպես է բաժանվելու ընդդիմության առաջնորդի դերը իր և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի միջև, Կարապետյանը պատասխանել է, որ ինքն ու Քոչարյանն տարբեր դաշինքների առաջնորդներ են։
«Դրա համար մենք կիսելու ոչ մի բան չունենք»,- շեշտել է Կարապետյանը։
Կարապետյանը մեկնաբանել է նաև իր սեփականոությունը հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրության գերակա շահ ճանաչելու իշխանությունների մտադրությանը (ընկերությունը վերահսկողության տակ վերցնելու գործընթացը իշխանությունն սկսել էր 2025-ին՝ Կարապետյանի կալանքից հետո-խմբ․):
«Լուրջ մի ընդունեք։ Իրենք արդեն ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքերին՝ բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են։ Գիտեին՝ ՀԷՑ-ը «Մերսեդես» է, նստելու են՝ քշեն»,- այսպես է արձագանքել Կարապետյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):





































