«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 19-ին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով կա՛մ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, կա՛մ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, հայտնել է քաղաքական ուժի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Դաշինքը նաև պահանջում է անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումը։ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ դիմումը ՍԴ է մուտքագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Խոսնակը հավելել է, որ դիմումի հիմքում «իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ընտրախախտումներն են»։
Ավելի ուշ ՍԴ-ից հայտնել են, որ դատարանը երկու օրվա ընթացքում պետք է որոշի՝ ընդունե՞լ դիմումը վարույթ, թե՞ ոչ։ Դիմումը վարույթ ընդունելու դեպքում դատարանը պարտավոր է գործով վերջնական որոշում կայացնել ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 15 օր հետո։
Վարդևանյանն ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ ՍԴ ներկայացված դիմումը բաղկացած է 84 էջից և պարունակում է ծավալուն հիմնավորումներ։
Նա նշել է, որ ՍԴ-ն, որպես ընտրական վեճերը լուծող բացառիկ մարմին, կարող է կայացնել 3 որոշումից մեկը՝ անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը և ընտրությունների արդյունքները, նշանակել երկրորդ փուլ կամ սահմանել մանդատների բաշխման այլ կարգ։ Նա ընդգծել է, որ դաշինքը հատկապես կարևորում է առաջին երկու տարբերակը։
Վարդևանյանի խոսքով՝ դիմումում ներկայացված են բազմաթիվ հիմնավորումներ, այդ թվում՝ Վարչական դատարանի որոշումներ՝ ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման և ԿԸՀ-ի՝ վերաքվեարկություն չնշանակելու և որոշ գործողությունների վերաբերյալ։ Վարդևանյանը հավելել է, որ գործը ՍԴ-ում քննվելու է բանավոր ընթացակարգով։
Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների վերջնական արդյունքներով 18 քաղաքական ուժերից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ): Ավելի վաղ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մասին էին հայտարարել նաև «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայաստան» դաշինքը, ընտրությունների արդյունքները չճանաչելու պահանջին էր միացել նաև «Միասնության թևերը»։
Կարդացեք նաև՝
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում
Թարմացված է՝ 19.05.2026 | 16։27
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



