«Ուժեղ Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ներկայացրել Կենտտրոնական ընտրական հանձնաժողով։ Դիմումը ներկայացնելու ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Դիմումը ԿԸՀ-ն կքննարկի կիրակի՝ հունիսի 14-ին` ընտրությունների արդյունքների ամփոփման օրը։
Դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանի տվյալներով՝ շուրջ 100 000 ընտրողի ձայները ձևավորվել են ոչ թե անձնագրերի պատշաճ վերիֆիկացիայի, այլ տվյալների ձեռքով մուտքագրման եղանակով, ինչը, ըստ նրա, խնդիր է։
Վարդևանյանը հայտնել է դաշինքի դիրքորոշումը, ըստ որի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հաղթել ընտրություններում, իսկ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և օրինական բոլոր գործիքներով դա ապացուցի
Վարդևանյանը ընդգծել է, որ ԿԸՀ-ն պարտավոր է գնահատական տալ ոչ միայն քվեարկության օրը, այլև ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված, իր բնորոշմամբ, աբսուրդային խախտումներին։
Նրա խոսքով՝ այդ ընթացքում հանձնաժողովը պարտավոր է անդրադառնալ նաև 2 ընտրատեղեմասում վերաքվեարկություն անցկացնելու հարցին, որի վերաբերյալ ավելի վաղ հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։
Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ Հունիսի 11-ին «Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ դաշինքը կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները և վերանայել ՔՊ-ի ձայները։ Դաշինքը նաև վերաքվեարկություն էր պահանջել այն տեղամասերում, որոնց արդյունքները ԿԸՀ-ն հունիսի 11-ին անվավեր էր ճանաչել։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝




































