«Ուժեղ Հայաստան» դաշինքը կպահանջի չեղարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և վերանայել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայները։
Այս մասին հայտարարել է քաղաքական ուժի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հղում անելով քվեների վերահաշվարկի ժամանակ հայտնաբերված անհամապատասխանություններին և քվեարկության ընթացքում արձանագրված ենթադրյալ խախտումներին։
Կարապետյանի խոսքով՝ վերահաշվարկի արդյունքում տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում արձանագրվել է ՔՊ-ին տրված ձայների նվազում։
Նա նաև պնդել է, որ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել զինծառայողների ուղղորդված տեղաշարժի և պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր՝ իշխող կուսակցության օգտին քվեարկելու նպատակով։
«Վաղը մենք դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ դաշինքի գնահատմամբ՝ նույնիսկ պաշտոնական արդյունքների պարագայում ՔՊ-ն կորցրել է նախկին քաղաքական կշիռը և չունի բավարար աջակցություն լայն քաղաքական կոնսենսուս պահանջող որոշումներ կայացնելու, այդ թվում՝ Սահմանադրությունը փոփոխելու համար։
«Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ՔՊ-ն ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած, 50%-ից ավելի քիչ ձայն ունեցող ուժ է անգամ այսքան խախտումներից հետո։ Այս արդյունքներով ՔՊ-ն չի կարող Ալիևի ցուցումով Սահմանադրություն փոխել։ Բայց մենք գնալու ենք ավելի խորք, որպեսզի վերանայվեն արդյունքները»,- հայտարարել է Կարապետյանը։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել է 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝





































