«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին։
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը, անդրադառնալով Ծառուկյանին առաջարկված գործարքի մասին հարցին, հայտարարել էր, թե եթե նրան նման առաջարկ արվեր, նա «ծնկաչոք ընդառաջ կգար»։
«Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան»,- ասել էր Փաշինյանը։
Փաշինյանը նաև անդրադարձել էր Ծառուկյանի արտաքին կապերին՝ հայտարարելով, որ նա «հավաքագրվել է», սակայն «ինքն էլ դրանից տեղյակ չէ»։
Տոնոյանը նշել է, որ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն և այլ քաղաքական ուժեր զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկմամբ, վերահաշվարկներով և յուրաքանչյուր քաղաքացու քվեի պաշտպանությամբ, վարչապետը հանրային օրակարգ է բերում «անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ»։
«Ի՞նչն է պետք հերքել։ Ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որը ինչ-որ մեկը շրջանառության մեջ էր նախօրեին դրել ու ես արդեն հերքել եմ, բայց ասօր արդեն հասել է վարչապետի բրիֆինգի ժամանակ քննարկմանը»,- Փաշինյանի խոսքերից հետո ստացած ԶԼՄ զանգերին այսպես է արձագանքել Տոնոյանը։
ԲՀԿ խոսնակը նաև անդրադարձել է Փաշինյանի ակնարկներին՝ կապված Ծառուկյանի արտաքին կապերի հետ՝ նշելով, որ կուսակցությունը երբեք չի թաքցրել իր միջազգային համագործակցությունը և այն բազմիցս ներկայացվել է հրապարակայնորեն։
Տոնոյանի խոսքով՝ ԲՀԿ-ն երբեք չի թաքցրել իր միջազգային համագործակցությունը՝ նշելով ռուսական «Եդինայա Ռոսիա» կուսակցության, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ընտանիքի, ինչպես նաև արաբական աշխարհի և ԱՄՆ-ի տարբեր շրջանակների հետ ունեցած կապերը։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել է 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Հունիսի 9-ին ԶԼՄ-ները գրել էին, որ ԲՀԿ-ն ԱԺ չի անցել ՔՊ-ի գործարքը մերժելու պատճառով։
Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։
Կարդացեք նաև՝




































